Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչից պայքարը սկսած Լիբերտադորեսի գավաթակիր բրազիլական «Ֆլամենգոն» 2-3 հաշվով պարտվեց Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալին»:
Չորրորդ րոպեին «Ալ Հիլյալի» կազմում հաշիվը բացեց Սաուդյան Արաբիայի հավաքականի կիսապաշտպան Սալեմ Ալ-Դոսարին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 20-րդ րոպեին «Ֆլամենգոյի» կազմում հաշիվը հավասարեցրեց բրազիլացի հարձակվող Պեդրոն:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 9-րդ րոպեին մրցավարը VAR համակարգով դրվագը դիտելուց հետո կրկին 11-մետրանոց նշանակեց «Ֆլամենգոյի» դարպասին, իսկ բրազիլական ակումբի կիսապաշտպան Ժերսոնը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացրեց խաղադաշտից: 11-մետրանոցը կրկին դիպուկ իրացրեց Ալ-Դոսարին՝ դառնալով դուբլի հեղինակ:
70-րդ րոպեին արաբական ակումբի կազմում երրորդ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լուսիանո Վիետոն:
Ավելացված ժամանակի առաջին րոպեին «Ֆլամենգոյի» կազմում հաշիվը կրճատեց Պեդրոն և դարձավ դուբլի հեղինակ, սակայն բրազիլական ակումբը չկարողացավ փրկվել պարտությունից՝ 2-3:
«Ալ Հիլյալը» փետրվարի 11-ին եզրափակիչում կմրցի Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» և եվրոպական Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դիմակայության հաղթողի հետ: Նույն օրը «Ֆլամենգոն» երրորդ տեղի համար խաղում կհանդիպի «Ալ Ահլի» - «Ռեալ» զույգի պարտվողին:
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
«Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա)՝ 2-3
Պեդրո, 20, 90+1 - Սալեմ Ալ-Դոսարի, 4 (11մ), 45+9 (11մ), Լուսիանո Վիետո, 70
Հեռացում՝ Ժերսոն, 45+9 («Ֆլամենգո»)