Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վիճաբանել է Խուան Իգլեսիասի հետ «Խետաֆեի» դեմ խաղի ժամանակ, հայտնում է Marca-ն:
Հանդիպման 84-րդ րոպեին «Խետաֆեի» կիսապաշտպան Ալեքս Սանկրիսը երկրորդ դեղին քարտը ստացավ Վինիսիուսի հետ պայքարում կատարած խախտման համար և հեռացվեց խաղադաշտից։ Ավելի վաղ խաղում բրազիլացու նկատմամբ կատարած խախտման համար հեռացվել էր նաև Ալան Նիոմը։
«Խետաֆեի» երկրորդ հեռացումից հետո Վինիսիուսը մի քանի անգամ կրկնել է. «Ես շատ լավ եմ խաղում»։
Այդ ընթացքում Կիլիան Մբապեն և Էդեր Միլիտաոն փորձել են նրան հանգստացնել։ Իգլեսիասը մոտեցել է «Ռեալի» վինգերին և ասել. «Ահա թե ինչու են բոլորն ատում քեզ։ Սովորիր քո թիմակիցներից»:
«Արքայական ակումբը» Լա Լիգայի 9-րդ տուրի արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել էր մադրիդյան փոքր դերբիում:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

