Logo

«Աղետալի խաղով» գերտաղանդավոր թիմ. ինչպիսի ակումբ է «Փյունիկի» մրցակիցը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
17:23 / 08.09.2022Կոնֆերենցիաների լիգա
Բացառիկ
null

Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթի խմբային փուլի ուղեգիր նվաճած «Փյունիկը» ելույթներն սկսելու է Կոնֆերենցիաների լիգայի H խմբի հաղթողի ֆավորիտի դեմ արտագնա խաղով: Եղիշե Մելիքյանի թիմը մրցելու է «Բազելի» հետ: Շվեյցարական գրանդը տարօրինակ ժամանակահատված է ապրում և հիմա էլ անցել է նոր քաղաքականության: 

VNews-ը ներկայացնում է «Փյունիկի» մրցակից «Բազելին»:

Պատմությունը



«Բազել» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է գովազդային հայտարարությունից հետո՝ 1893 թվականին: Ռոլանդ Գելդները տեղի թերթերից մեկում հայտարարություն էր տվել նոր ակումբ ստեղծելու մասին և բոլոր ցանկացողներին առաջարկել նոյեմբերի 12-ին հանդիպել ռեստորանում: Այնտեղ հավաքված 11 երիտասարդներ նույն օրը հիմնում են «Բազել» ֆուտբոլային ակումբը: Գելդներն էլ ընտրվում է ակումբի առաջին նախագահ: 

Հետաքրքրիր է, որ հիմնադիր անդամներից երկուսի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Իսկ մեկ այլ մարդ, որն ակումբն ստեղծելու մտահղացման ակունքներում է, Ժոան Գամպերն է, որը դարձել է թիմի ավագը, իսկ հետո արտագաղթելով Կատալոնիա՝ 1899 թվականին հիմնադրել «Բարսելոնան»: Պատահական չէ, որ ըստ տարածված լեգենդներից մեկի՝ «Բարսելոնան» հենց դրա համար է կապտանռնագույն, ինչպես «Բազելը»: 

Շվեյցարացիները 40 տարի սպասել են իրենց առաջին տիտղոսին, որը (երկրի գավաթը) նվաճել են 1933 թվականին: Իր պատմության ընթացքում շվեյցարական ակումբը մի քանի անգամ երկրում գերիշխող թիմի կարգավիճակ է ունեցել: Առաջինը 1960-70-ականների ընթացքում էր, երբ 14 տարում տարբեր աստիճանի հեղինակության 18 տիտղոս է նվաճել: Այդ տարիներն  ընդունված է համարել Հելմուտ Բենտհաուսի ժամանակահատված: Գերմանացին սկզբում որպես ֆուտբոլիստ, հետո՝ 1965-ից՝ խաղացող-մարզիչ, իսկ 1971-ից՝ գլխավոր մարզիչ, կառուցել է չեմպիոնական «Բազելը»: 

Բենտհաուսի հեռանալուց հետո սկսվել են «Բազելի» անհաջող ժամանակները: 1980-ից հետո ակումբը 22 տարի չի կարողացել Շվեյցարիայի չեմպիոն կամ գավաթակիր դառնալ: Ավելին՝ հաճախ «Կարմրակապույտները» պայքարել են՝ ուժեղագույնների խմբում հայտնվելու, իսկ հետո՝ վերադառնալու համար: 

2000-ականներից սկսվել է «Բազելի» ոսկե ժամանակահատվածը: 21-րդ դարում ակումբը 20 տիտղոս է նվաճել: Հատկապես տպավորիչ էր 2010-2017 թվականների ժամանակահատվածը, որի ընթացքում ակումբն 8 անգամ անընդմեջ դարձավ Շվեյցարիայի չեմպիոն: Հասնելով հոբելյանական՝ 20 չեմպիոնական տիտղոսներին՝ ակումբն արգելակեց և արդեն 5 տարի երկրում ուժեղագույնը չէ: Վերջին անգամ «Բազելը» տիտղոս է նվաճել՝ 2019-ին դառնալով երկրի գավաթակիր:

Ստադիոնը



«Սանկտ-Յակոբ Պարկը» կառուցվել է լեգենդար «Յոգելի» ստադիոնի փոխարեն, որտեղ 4 անգամ կայացել է Գավաթակիրների գավաթի եզրափակիչ: Նոր ստադիոնը կառուցվել է 1998 թվականին և տեղավորում էր 42 500 հանդիսական: Այնուհետև՝ 2001-ին, որոշվեց մասամբ վերակառուցել ստադիոնը, քանի որ Շվեյցարիան և Ավստրիան իրավունք էին ստացել ընդունել ԵՎՐՈ-2008-ը, իսկ դրա համար նոր հարմարություններ էին հարկավոր: 

Դրանից հետո ստադիոնն սկսեց տեղավորել 38 500 հանդիսական: «Սանկտ-Յկոբ Պարկն» ընդունեց Եվրոպայի առաջնության 5 խաղ, այդ թվում՝ 2 հանդիպում քառորդ եզրափակիչից, և Գերմանիա – Թուրքիա կիսաեզրափակիչը: Հենց Բազելում Ռուսաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում տարավ լեգենդար հաղթանակը Նիդեռլանդների ըտրանու նկատմամբ (3:1): 

Ուշագրավ է, որ պատմության մեջ առաջին անգամ ՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնության ընթացքում փոխեց ստադիոնի խոտածածկը: Պատճառը Շվեյցարիա – Թուրքիա խաղի ժամանակ տեղած հորդառատ անձրևն էր: Խոտածածկի արագ փոփոխության համար ՈւԵՖԱ-ն 200 հազար եվրո ծախսեց: 

8 տարի անց` 2016 թվականին, «Յակոբ պարկում» կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչը, որում «Սևիլյան» 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:

Բազելում մոտ 175 հազար մարդ է բնակվում: Ակումբը քաղաքի ամենահեղինկավոր թիմն է, և պատահական չէ, որ նրա տնային խաղերին ներկա է լինում քաղաքի բնակչության 15 տոկոսը: Չնայած, միևնույն է, «Կարմրակապույտների» աջակիցները լեփ-լեցուն ստադիոն հազվադեպ են ապահովում: Ընթացիկ և նախորդ մրցաշրջաններում թիմի տնային խաղերի միջին հաճախելիությունը կազմում է 21 հազար երկրպագու, սակայն նախկինում այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել: Թիմի արդյունքների անկման հետ նվազել է նաև ֆանատների թիվը: Ռեկորդը 2010-2013 թվականներին էր, երբ «Բազելը» հաղթում էր «Մանչեսթեր Յունայթեդի» պես թիմերի, հասնում եվրագավաթի կիսաեզրափակիչ: Այդ ժամանակ «Սանկտ-Յակոբ Պարկում» միջինը 30 հազար երկրպագու էր լինում: 

Եվրագավաթային փորձ



«Բազելը» եվրագավաթներում տիտղոս չի նվաճել, սակայն մի քանի անգամ հասել է վճռորոշ մրցափուլեր: Այդպես, 1973-74 մրցաշրջանում շվեյցարական թիմը հասել է Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչ: Սկզբում «Կարմրակապույտները» ջախջախել են իսլանդական «Ֆարմին» (5:0, 6:2), իսկ 1/8 եզրափակիչում գերդրամատիկ պայքարում՝ «Բրյուգեին»: Բելգիայում 1:2 հաշվով պարտվելուց հետո տանը «Բազելը» հաղթել է 6:4 հաշվով: Խաղի ընթացքում հաշիվը 4 անգամ հավասարվել է, բայց հետո հռչակավոր Օտմար Հիտցֆելդը հաղթական դուբլ է ձևակերպել: Եվս մեկ հեթ-տրիկ Հիտցֆելդը գրանցել է «Սելթիկի» դեմ քառորդ եզրափակիչի տնային խաղում (3:2), բայց Շոտլանդիայում շվեյցարացիները պարտվել են 2:4 հաշվով (լ.ժ.): Երկու մրցավեճերում էլ գոլով է աչքի ընկել արդեն շոտլանդական ֆուտբոլի լեգենդ Քենի Դալգլիշը: 

21-րդ դարում «Բազելի» մեծագույն նվաճումը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալն էր: 2012/13 մրցաշրջանում «Բազելը» խմբից երկրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ հաջորդաբար պայքարից դուրս թողեց «Դնեպրին», «Զենիթին» և նույնիսկ «Տոտենհեմին» (11-մետրանոցներով): 

Կիսաեզրափակիչում արդեն շվեյցարացիներն անկարող էին Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Չելսիի» դեմ (1:2, 1:3), որը այդ մրցաշրջանում դարձավ արդեն Եվրոպա լիգայի հաղթող: 

Չնայած «Բազելն» իր երկրում վերջին տարիներին քիչ տիտղոսներ է նվաճում, բայց եվրագավաթում շարունակում է արդյունավետ մնալ: Նախորդ մրցաշրջանում «Կարմրակապույտները» մասնակցում էին Կոնֆերենցիաների լիգային, որում վստահորեն ուժեղագույնը դարձան իրենց խմբում և հասան 1/8 եզրափակիչ: Այնտեղ «Բազելի» ճանապարհին կանգնեց Մարսելի «Օլիմպիկը», որը հետագայում հասավ մինչև կիսաեզրափակիչ: 

Ելույթները ընթացիկ մրցաշրջանում



Նոր մրցաշրջանը «Բազելը» կայուն չի սկսել: Թիմը խնդիրներ ունի թե՛ Շվեյցարիայի Սուպերլիգայում, թե՛ եվրագավաթներում: 

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում «Բազելը» բոլոր մրցակիցների արգելքը հաղթահարել է «Սանկտ-Յակոբ Պարկում» տարած հաղթանակների շնորհիվ: Շվեյցարացիները մրցակցի հարկի տակ պարտվել են «Բրոնդբյուին» և Ժիրայր Շաղոյանի նոր թիմին՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ին, ինչպես նաև ոչ-ոքի խաղացել հյուսիսիռլանդական «Կրուսեյդերսի» հետ: 
Ներքին առաջնությունում իրավիճակն ավելի ծանր է. մեկնարկային 6 խաղում «Բազելն» ընդամենը 1 հաղթանակ է տարել և 10 թիմերի պայքարում 8-րդն է: Նախորդ տուրում «Սիոնին» պարտվելուց հետո գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրայը թիմի խաղն «աղետալի» որակեց: 

Ուշագրավ է, որ միակ հաղթանակը «Բազելը» տարել է չեմպիոն «Ցյուրիխի» նկատմամբ (4:2), այն էլ մրցակցի ստադիոնում: Դա հուշում է, որ թիմում տրամադրվածության խնդիր կա: Երբ սկզբունքային խաղ է լինում, թիմն այլ կերպ է խաղում: «Փյունիկից» հետո հաջորդ մրցակիցը նույնպես Ցյուրիխից է՝ «Գրասհոպերը», հետևաբար «Բազելի» համար այդ խաղը նույնչափ սկզբունքային է: 

Մարզիչը 



Ալեքսանդր Ֆրայը շվեյցարական ֆուտբոլի և «Բազելի» լեգենդն է: Ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց 3 տարի անց նշանակվեց «Բազելի» Մ15 թիմի մարզիչ, հետո՝ Մ18, Մ21 թիմերի, նույնիսկ մի քանի խաղում եղավ հիմնական թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Եվ այդ ամենը 4 տարում: 

Ֆրայը դրանից հետո որոշեց գլխավոր մարզչի աշխատանքի անցնել և սկզբում գլխավորեց «Վիլը», այնուհետև «Վինտերտուրը»: Վերջինի հետ նախորդ մրցաշրջանում Ալեքսանդրը դարձավ Շվեյցարիայի կարգով երկրորդ լիգայի հաղթող: Այդ հաջողությունը հիմք հանդիսացավ, որ «Բազելը» կրկին հրավիրի Ֆրային, բայց այս անգամ արդեն հիմնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցնելու: 

«Կարմրակապույտների» կազմում մարզչի վրա ճնշումն էապես տարբերվում է Չելենջ Լիգայի ճնշումից: Շվեյցարական մամուլը չի խնայում նույնիսկ Ֆրայի պես լեգենդին: «Սիոնի» դեմ խաղում «աղետալի ֆուտբոլից» բացի, նա նշեց, որ կան խնդիրներ, որոնք ժամանակն է ստուգել: Այդ խոսքերը կրկին Ֆրայի դեմ օգտագործեցին՝ հարցնելով, թե ինչու նա դա նախկինում չի արել, եթե շուտ գիտեր այդ խնդիրների առկայության մասին: 

«Վինտերտուրում» Ֆրայը հիմնականում օգտագործում էր իսպանական 4-2-3-1 սխեման և նույնը փորձում է կիրառել «Բազելում», բայց երբեմն ստիպված է լինում փոփոխությունների գնալ: Կարծիք կա, թե «Կարմրակապույտները» պատրաստ են ավելի հարձակողական ոճով խաղալ: Այդպես, 4-3-3 հարձակողական սխեմայով «Բազելը» 4 գոլ խփեց «Ցյուրիխին», բայց արդեն հաջորդ խաղում Ֆրայը վերադարձավ իր սիրելի սխեմային և պարտվեց: Այժմ Շվեյցարիայում սպասում են, թե արդյոք մարզիչը կկարողանա՞ ամբողջությամբ բացահայտել թիմի հարձակողական ներուժը, թե՞ բալանսը փնտրելու պատճառով ռիսկի կենթարկի իր պաշտոնը:  

Կազմը



Նախորդ մրցաշրջանի վերջնամասում, երբ «Բազելը» գլխավորեց երիտասարդ Գիլերմո Աբասկալը, թվում էր՝ ակումբը գտել է այն մասնագետին, որի հետ կկապի իր ապագան: Սակայն իսպանացին նախընտրեց տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ», որին արդեն սկսել է վերակենդանացնել: 

«Բազելում» պատրաստ էին Աբասկալի ֆուտբոլի համար անչափ խոստումնալից տաղանդների ձեռք բերել: Իսպանացին հեռացավ, բայց նախագիծը չփոխվեց: Շվեյցարական ակումբը հրավիրեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Բրեդլի Ֆինկին, որը հիանալի տպավորություն թողեց ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայում, մինչև այսօր իր տաղանդը լիարժեք չբացահայտած ֆրանսիացի Ժան-Կևին Օգյուստենին, «Բարսելոնայի» երիտասարդական թիմի ավագ Արնաու Կոմասին, «Նիսի» վինգեր Դան Նդոյեին, ինչպես նաև «Ռոմայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆյորիին, որի տրանսֆերի համար վճարվեց 1 մլն եվրո: Կան նաև այլ նորեկներ: 

Դրանից բացի, «Բազելում» են վետերաններ Ֆաբիան Ֆրայը, Միկաել Լանգը, Տաուլանտ Ջական, «Բորուսիայից» ժամանած դարպասապահ Մարվին Հիտցը և հունգարացի հարձակվող Ադամ Շալայը: Թիմի առաջատարների թվում են նաև բալկանյան արմատներով ֆուտբոլիստները: Կիսապաշպան Դարիան Մալսը «Ինտերից» է հրավիրվել դեռ մեկ տարի առաջ և ընթացիկ մրցաշրջանում թիմում ամենաշատ գոլի և ասիստի հեղինակն է (4+3): Իսկ «Բրայթոնից» վարձակալված հարձակվող Անդի Զեքիրին 7 խաղում արդեն 3 գոլ է խփել:

Այսպիսի կազմով թիմը միանշանակ Շվեյցարիայի առաջնությունում իր տեղում չէ և խաղային կայունություն ձեռք բերելուց հետո կարող է անկասելի դառնալ: Իսկ ահա Կոնֆերենցիաների լիգայում «Բազելը» շատ հնարավորություններ չի ունենա հնարավոր անհաջողությունները շտկելու համար, ինչը շանս է նրա մրցակիցների համար: Այդուհանդերձ, եթե Ֆրայը շատ արագ լուծի թիմի խնդիրները, ապա շվեյցարացիները կվերահաստատեն H խմբի հաղթողի ֆավորիտի իրենց կարգավիճակը: 

«Բազել» – «Փյունիկ» խաղը կկայանա սեպտեմբերի 8-ին և կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ ժամը 23:00-ին:

Եղիշե Մելիքյան. «Պետք է օգտագործենք «Բազելի» թույլ կողմերը» (տեսանյութ)

«Փյունիկի» նախախաղային մարզումը Շվեյցարիայում (ֆոտոշարք)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա