Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կհեռանա ռուսական «Կրասնոդարից», հայտնում է «РБ Спорт»-ը:
«Էդուարդն ամռանը կհեռանա «Կրասնոդարից»։ Նրա նկատմամբ հետաքրքրություն կա Գերմանիայից և Իտալիայից։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց, ամենայն հավանականությամբ, նա կտեղափոխվի իտալական կամ գերմանական ակումբներից մեկը»,- նշված է աղբյուրի հրապարակման մեջ:
Այն գործակալությունը, որի հետ համագործակցում է Սպերցյանը, առաջնահերթ շփվում է Ա Սերիայի և Բունդեսլիգայի ակումբների հետ։ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 15 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա կիսապաշտպանի խաղին հետևում են գերմանական «Բայերի», «Ֆրայբուրգի» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սկաուտները: Նշվում էր նաև, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որի գույները պաշտպանում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: