Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, որը թիմի ղեկին պաշտոնական հանդիպում դեռևս չի անցկացրել, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հիշեցնենք, որ Նազարյանը երևանյան ակումբի ղեկին նշանակվել էր 2023 թվականի դեկտեմբերին: Նրա մարզչական շտաբում էին ընդգրկվել Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը, Գևորգ Պողոսյանը և Նիկոլայ Սարգսյանը:
48-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Փյունիկում», «Ուրարտուում», «Արցախում» և ԲԿՄԱ-ում: Նա նաև գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները:
Որպես ֆուտբոլիստ՝ Ռաֆայել Նազարյանը կարիերան սկսել է «Արարատում»՝ 1993-ից 1997 թվականներին թիմի կազմում դառնալով Հայաստանի չեմպիոն և քառակի գավաթակիր: Այնուհետև նա խաղացել է մի շարք ակումբներում, ինչպես նաև 23 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, խփել է մեկ գոլ: