«Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում, հայտնում է Foot Mercato-ն։
34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Փարիզը»։ Մայրաքաղաքային ակումբը պատրաստ կլինի անվանի կիսապաշտպանի հետ պայմանագիր ստորագրելուն, եթե նա ունենա ազատ գործակալի կարգավիճակ։
Կանտեի ու «Ալ Իթիհադի» համաձայնագրի ժամկետը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Կողմերը համագործակցությունը շարունակելու համար բանակցություններ դեռ չեն սկսել։
«Փարիզն» ուզում է Կանտեին դարձնել իր մարզական ծրագրի գլխավոր ֆուտբոլիստը։ Դեռ հայտնի չէ՝ ակումբը կփորձի՞ ձմռանը գնել նրա տրանսֆերային իրավունքը, թե՞ ոչ։
Կանտեն սաուդյան «Ալ Իթիհադում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 89 խաղում խփել է 9 գոլ, կատարել 10 ասիստ։ Նա ֆրանսիական ակումբներից խաղացել է «Բուլոնում» և «Կանում»։
Ֆրանսիայի Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


