Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի ծառայություններով հետաքրքրված են Թուրքիայի Սուպերլիգան, երկրորդ լիգան և Իսրայելի բարձրագույն լիգան ներկայացնող մեկական ակումբներ: Այդ մասին հայտնում է «Ֆասթ Մեդիա» հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականի օգոստոսից է խաղում «Ուրարտուի» կազմում: Ավարտված մրցաշրջանում Իվուն Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի կազմում դարձել էր նաև Fastex Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող:
Հիշեցնենք, որ Ուգոչուկվու Իվուն ճանաչվել է Fastex ՀՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 450 հազար եվրո։ Հայաստանում կիսապաշտպանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» ու Վանաձորի «Լոռիում»։ Հայաստանի առաջնությունում Իվուն անցկացրել է 134 հանդիպում, դարձել 12 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։


