«Փյունիկից» ռուսական «Սոչի» տեղափոխված Հովհաննես Հարությունյանը կվերադառնա երևանյան ակումբ, հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն այս տարվա հունվարին էր 160 հազար եվրոյի դիմաց միացել ռուսական ակումբին, որի կազմում մասնակցել է մի քանի ստուգողական խաղի։
Ըստ աղբյուրի՝ նախապես կողմերը պայմանավորվել էին, որ եթե հավաքից հետո 24-ամյա ֆուտբոլիստը դառնա «Սոչիի» մեկնարկային կազմի խաղացող, ապա կմնա թիմում։ Հակառակ դեպքում նա կվերադառնա «Փյունիկ» և մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմում։
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը 2016 թվականին է նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 143 հանդիպում, դարձել 24 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է նաև «Արարատ-Արմենիայում» ու Սլովակիայի «Միխալովցեում»։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


