Խալեդ Հոսեյնի. ազգությամբ աֆղան, քաղաքացիությամբ ամերիկացի գրող, որն աշխարհի ամենաշատ ընթերցվող հեղինակներից է: Նրա վեպերը թարգմանվում են բազմաթիվ լեզուներով, նրա գրքերը վաճառվում են միլիոնավոր օրինակներով, նրան տարբեր հեղինակավոր ամսագրեր ամենահաջողակ վիպասանների ցանկում առանձնացնում են միայն առաջատար դիրքեր: Ո՞վ է Խալեդ Հոսեյնին, ինչպե՞ս է հասել նման հաջողության:
Քաբուլն ու մանկությունը
Խալեդը ծնվել է 1965 թ. Քաբուլում: Նա ծնողների հինգ երեխաներից ամենամեծն էր. հայրը՝ դիվանագետ, մայրը՝ պատմության և պարսկերենի ուսուցչուհի: 1976 թ. Հոսեյնի ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, քանի որ Խալեդի հայրը Ֆրանսիայի աֆղանական դեսպանատանը պաշտոն էր ստացել: Չորս տարի անց նրանց պետք է հայրենիք վերադառնային, սակայն հենց այդ ժամանակ՝ 1980 թ. Աֆղանստանում հեղափոխություն էր և սովետական զորքերն էին ներխուժել երկիր:
կարդա՝
Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]
Առանձնացրել ենք աֆղան գրողի վեպերից 3-ը, որոնք կան հայերեն թարգմանությամբ:
Եվ արձագանքեցին լեռները
Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի:
Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով, մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձերով լի:

Հազար չքնաղ արևներ
2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:

Օդապարուկ թռցնողը
Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:


