Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունն ու երկրի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ ադրբեջանցի ծանրորդները չեն մասնակցի Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը:
«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը ցուցադրաբար այրվեց պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգությունը չի ապահովվել, ադրբեջանցի մարզիկների մասնակցությունը մրցաշարին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով:
Հետևաբար, որոշում է կայացվել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք: Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականը Երևան էր ժամանել 4 մարզիկով: Տղամարդկանց մրցաշարին պետք է մասնակցեին Եվրոպայի Մ23 չեմպիոն Իսա Ռուստամովը (67 կգ), Եվրոպայի Մ20 փոխչեմպիոն Օմար Ջավադովը (73 կգ) և Ալի Շուկուրլուն (102 կգ), իսկ կանանց մրցաշարին պետք է մասնակցեր միայն Նազիլյա Իսմայիլովան (49 կգ):
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 15-ին և կավարտվի ապրիլի 23-ին: