Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի հետնապահ «Յան Ռեգենսբուրգը» 32-րդ տուրի արտագնա խաղում 1-1 հաշիվը գրանցեց «Քյոլնի» հետ և առաջնությունում ընդամենը մեկ տարի անցկացնելուց հետո նահանջեց Երրորդ լիգա:
Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ «Յան Ռեգենսբուրգը» կորցրեց Երկրորդ Բունդեսլիգայում մնալու տեսական հնարավորությունը: Թիմը 24 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է և լավագույն դեպքում կարող է բարձրանալ մեկ նիշով: 17-րդ տեղը, սակայն, նույնպես նահանջի գոտի է:
«Յան Ռեգենսբուրգում» վարձավճարով խաղացող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր «Քյոլնի» դեմ խաղին: Հիշեցնենք, որ հենց «Քյոլնին» է պատկանում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: Ըստ կողմերի գործող պայմանագրի՝ Ադամյանն ամռանը պետք է վերադառնա «Քյոլն»:
«Յան Ռեգենսբուրգի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ադամյանի բացակայության պատճառը հիվանդությունն է:
Geissblog.koeln-ն էլ ընդգծում է, որ Սարգիս Ադամյանը, ըստ ամենայնի, բացակայել է ստամոքս-աղիքային հիվանդության պատճառով:
Ավելի վաղ «Յան Ռեգենսբուրգի» գործադիր տնօրեն Ախիմ Բայերլորցերը գերմանական Sport1-ի հետ զրույցում ասել էր, որ իր կարծիքով՝ Սարգիս Ադամյանը ցանկանում է շարունակել ելույթը «Յան Ռեգենսբուրգում»:
Երկրորդ Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանում Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» կազմում անցկացրել է 14 խաղ, որոնցում աչքի է ընկել 2 գոլով: Ի դեպ, «Յան Ռեգենսբուրգը» խփել է ընդհանուր 20 գոլ:


