Logo

Առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստը, «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն. Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:53 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրն անվանեց նոր առաջատարին: Հաղթելով հետնապահ «Գանձասարին» և օգտվելով «Ուրարտուի» անհաջողությունից, «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին («Փյունիկ» - «Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է): Առաջնությունում կայացած 79 հանդիպումներից 33-ում հաղթել են դաշտի տերերը, 36-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 10 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 4 հանդիպումներում խփվեց 15 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,75 գոլ): Առաջնության 79 հանդիպումներում գրանցվել է 238 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,01 գոլ):

2. «Նոան» 6-րդ անընդմեջ հաղթանակով նշեց Fastex Պրեմիեր լիգայում իր հոբելյանական՝ 200-րդ խաղը: Հայաստանի փոխչեմպիոնը երկրորդ անընդմեջ խաղում մրցակցին հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով: Դա ընթացիկ առաջնությունում «Նոայի» տարած խոշոր հաշվով 5-րդ հաղթանակն էր: Վերջին 6 հանդիպումներում Ռուի Մոտայի գլխավորած թիմը 22 գոլ է խփել:

3. «Շիրակը» Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 400-րդ հաղթանակը տոնեց: Դա երկրորդ ցուցանիշն է «Փյունիկից» հետո, որի օգտին 526 հաղթանակ է գրանցված: Ընթացիկ առաջնությունում շիրակցիները հյուրընկալվելիս հաջող են հանդես գալիս՝ 8 հանդիպումներում վաստակելով 16 միավոր:

4. Մոմո Տուրեն գրավելով ԲԿՄԱ -ի դարպասը, 14 գնդակով դարձավ Հայաստանի առաջնություններում «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Էդգար Մովսեսյանի ռեկորդային ցուցանիշը: Առաջնության վերջին 3 խաղերում գվինեացի ֆուտբոլիստը դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

Տուրեն ընթացիկ առաջնությունում իր գոլերի թիվը հասցրեց 9-ի և կրկնեց Էդգար Մովսեսյանի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը, որը սահմանել էր 2022/23թթ. առաջնությունում:

5. Իվան Իգնատևն ընթացիկ առաջնությունում 10-րդ գոլը խփեց և ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստների տասնյակում: 30 գնդակով այդ ցանկը գլխավորում է Մաքսիմ Մայրովիչը: Գոլերից 22-ը նա խփել է «Նոայում», 8-ը՝ «Ուրարտուի» կազմում:

6. Կարեն Մուրադյանը բացեց գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում»՝ խփելով Fastex Պրեմիեր լիգայում իր ընդամենը 5-րդ գնդակը: Գոլերից 3-ը նա խփել է «Շիրակում», մեկն՝ «Ալաշկերտում»: Նախորդ անգամ փորձառու կիսապաշտպանն առաջնությունում գոլի հեղինակ էր դարձել 2019թ. մայիսի 30-ին՝ «Շիրակի» կազմում գրավելով «Արցախի» (ներկայիս «Նոայի») դարպասը:

Կարեն Մուրադյանն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 32 տարեկան 20 օրականում:

7. Արայիկ Էլոյանը դիպուկ իրացնելով 11մ հարվածը, ոչ միայն հաղթանակ պարգևեց իր թիմին «Վանի» հետ մրցավեճում, այլև գրանցած դուբլի շնորհիվ 6 գնդակով դարձավ ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստը: Էլոյանը փոքրիկ հոբելյան նշեց՝ խփելով Fastex Պրեմիեր լիգայում 10-րդ գոլը: ԲԿՄԱ-ի հարձակվողն ընթացիկ առաջնությունում դիպուկ է իրացրել 11մ 3 հարվածներն էլ:

8. Ալեքսեյ Պլոշադնին առաջնությունում անցկացրած իր վերջին 5 հանդիպումներում գոլ բաց չի թողել՝ ընդհանուր առմամբ դարպասը 484 րոպե շարունակ պահելով անառիկ: Նա գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Վալերիո Վիմերկատիի ռեկորդային ցուցանիշը: Վեջինս 2020/21թթ. մրցաշրջանում «Նոայի» դարպասը 436 րոպե անընդմեջ անառիկ էր պահել:

«Նոայի» դարպասապահն առաջնությունում անցկացրած 6 հանդիպումներում ընդամենը մեկ գոլ է բաց թողել: Դա տեղի է ունեցել առաջնության 4-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ խաղի 56-րդ րոպեին, երբ Արայիկ Էլոյանն իրացրել է 11մ հարվածը:

9. Ժիրար Մարգարյանն «Ուրարտուի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց:

10. Ալվին Թերան Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» կազմում 103-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ ու դարձավ թիմում բոլորից շատ խաղ անցկացրած լեգեոնականը: Նա մեկ խաղով գերազանցեց Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա