Հայաստանի ազգային հավաքականը լատվիացիների նկատմամբ 2-1 հաշվով արտագնա հաղթանակով ավարտեց ելույթներն Ազգերի լիգայում՝ C դիվիզիոնի չորրորդ խմբում 7 միավորով զբաղեցնելով երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը 2025թ. մարտին B դիվիզիոնի ուղեգիրը կվիճարկի այդ դիվիզիոնում երրորդ տեղը զբաղեցրած թիմերից մեկի հետ: Մրցակիցը հայտնի կդառնա նոյեմբերի 22-ին կայանալիք վիճակահանության ժամանակ:
FastNews-ը Լատվիա - Հայաստան հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի հավաքականը վերջապես ընդհատեց Ազգերի լիգայի մրցաշարում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը՝ երկրորդ անգամ հաղթելով լատվիացիներին: Ազգերի լիգայի ավարտված մրցաշարի 6 խաղերից 2-ում Հայաստանի հավաքականը հաղթեց, մեկում գրանցվեց ոչ-ոքի, 3-ում պարտվեց, խփեց 8 գոլ, բաց թողեց 9 գնդակ:
2. Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականն անցկացրած 24 հանդիպումներում 9-րդ հաղթանակը տոնեց: 4 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 11 խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է, խփել է 35 գոլ, բաց է թողել 40 գնդակ:
3. Ազգերի լիգայի ավարտված խաղարկությունում Հայաստանի հավաքականի արդյունքը (6 խաղում 7 միավոր) երկրորդ վատագույն ցուցանիշն է: Ավելի անհաջող հավաքականը խաղացել է Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում՝ B դիվիզիոնում Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած 6 հանդիպումներում վաստակելով ընդամենը 3 միավոր:
Հետաքրքիր է, որ նույն Կապառոսի գլխավորությամբ Ազգերի լիգայի 2020/21թթ. խաղարկությունում հավաքականը 11 միավորով հաղթող էր ճանաչվել C դիվիզիոնի 2-րդ խմբում: Դա Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականի լավագույն արդյունքն է:
4. Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց ընդհատել արտագնա հանդիպումներում առանց հաղթանակների 8 խաղերի շարքը, որի ընթացքում ընդամենը 2 ոչ-ոքի էր գրանցել, կրել էր 6 պարտություն, խփել էր ընդամենը 6 գոլ, բաց էր թողել 15 գնդակ: Հյուրընկալվելիս նախորդ հաղթանակը գրանցվել էր անցյալ տարվա հունիսի 16-ին Կարդիֆում Ուելսի հավաքականի հետ անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական խաղում՝ 4-2:
5. Իսկ ահա սեփական դարպասն անառիկ պահել Հայաստանի հավաքականին կրկին չհաջողվեց: Վերջին 27 հանդիպումներում մրցակիցներին մշտապես հաջողվել է խոցել Հայաստանի հավաքականի դարպասն՝ ընդհանուր առմամբ խփելով 52 գոլ: Այդ հանդիպումներից միայն 5-ում է հավաքականը հաղթել, 5-ն ավարտել է ոչ-ոքի, 17-ում պարտվել է, խփել է 29 գոլ:
Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ կայացած Ազգերի լիգայի խաղում (1-0), որում դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:
6. Հայաստանի հավաքականն ավարտեց այս տարվա իր ելույթները՝ անցկացրած 10 հանդիպումներում տոնելով ընդամենը 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 6 պարտություն, խփելով 12 գոլ, բաց թողնելով 15 գնդակ: Հավաքականի կազմում առավել արդյունավետ գործեցին Վահան Բիչախչյանը, Էդուարդ Սպերցյանն ու Լուկաս Սելարայանը՝ խփելով 2-ական գնդակ:
Մինչև Ազգերի լիգայի մրցաշարի մեկնարկն անցկացրած ընկերական 4 խաղերից Հայաստանի հավաքականը հաղթել էր միայն մեկում (Ղազախստան՝ 2-1), պարտվել էր մյուս 3 մրցակիցներին (Կոսովո՝ 0-1, Չեխիա՝ 1-2, Սլովենիա՝ 1-2), խփել էր 4 գոլ, բաց էր թողել 6 գնդակ:
7. Հայաստանի հավաքականը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը Ռիգայում, այլև հյուրընկալվելիս առաջին անգամ հաղթեց լատվիացիներին: Մինչև այդ Ռիգայում կայացած երկու խաղերում էլ լատվիացիները հաղթել էին միևնույն՝ 2-0 հաշվով:
Լատվիացիների հետ անցկացրած 6-րդ խաղում Հայաստանի հավաքականը 3-րդ հաղթանակը տարավ, մեկ խաղում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հայաստանի հավաքականը խփել է 8 գոլ, բաց է թողել 7 գնդակ:
8. Էդուարդ Սպերցյանը 6-րդ գոլը խփեց և ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում, որը 32 գնդակով գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը: Գոլերից 2-ը Սպերցյանը խփել է Լատվիայի հավաքականին՝ դառնալով լատվիացիների հետ դիմակայությունում Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն:
Ազգերի լիգայի մրցաշարերում Սպերցյանի հաշվին արդեն 4 գոլ է գրանցված: Այդ ցուցանիշով նա շրջանցեց Ալեքսանդր Կարապետյանին և այժմ միայն մեկ գնդակով է հետ մնում Ազգերի լիգայի մրցաշարերում հավաքականի լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանից:
9. Արթուր Միրանյանը բացեց գոլերի հաշիվը Հայաստանի ազգային հավաքականում, որի մարզաշապիկով 12-րդ խաղն էր անցկացնում: Միրանյանը հավաքականում գոլ խփած 78-րդ ֆուտբոլիստն է:
10. Ազգերի լիգայի ավարտված խաղարկությունում անցկացրած 6 հանդիպումներում Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 23 ֆուտբոլիստներ: Նրանցից 8-ը՝ Օգնյեն Չանչարևիչը, Վարազդատ Հարոյանը, Ուգոչուկվու Իվուն, Գեորգի Հարությունյանը, Նաիր Թիկնիզյանը, Լուկաս Սելարայանը, Վահան Բիչախչյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը մասնակցել են բոլոր խաղերին: Ընդ որում Չանչարևիչը, Հարոյանը և Իվուն խաղացել են առանց փոխարինման:
Ազգերի լիգայում հավաքականի կազմում առավել արդյունավետ գործեցին Էդուարդ Սպերցյանն ու Լուկաս Սելարայանը՝ խփելով 2-ական գնդակ: Մեկական գոլի հեղինակ դարձան Վահան Բիչախչյանը, Գոռ Մանվելյանն ու Արթուր Միրանյանը, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց լատվիացի Կասպարս Դուբրան: