Logo

ԱԱ․ Վազգեն Թևանյանը տապալեց ադրբեջանցի Ալիևին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

17:28 / 18.09.2023Ըմբշամարտ
null

Վազգեն Թևանյանը (65 կգ) շանս չտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։

2023թ. Եվրոպայի չեմպիոն Թևանյանն օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Ալիևին հաղթեց ժամկետից շուտ՝ 12-2։ Եզրափակիչի ուղեգիրը Հայաստանի ներկայացուցիչը կվիճարկի կուբացի Սեբաստիան Ռիվերայի հետ։

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևից՝ 8-6։

ԱԱ-ի երրորդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել էր նաև Սերգեյ Սարգսյանը (97 կգ), որը որակավորման փուլում 8-6 հաշվով հաղթել էր շվեյցարացի Սամուել Շերերին, սակայն 1/16 եզրափակիչում 4-5 հաշվով պարտվել էր հնդիկ Սահիլ Սահիլին։

Սեպտեմբերի 18-ին մրցագորգ էր դուրս եկել նաև Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ), որը սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ հաղթել էր չինացի Վանհաո Զուին՝ 10-0։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ և հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր։ 

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը սեպտեմբերի 17-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը (70 կգ)։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պարտվել էին ու ավարտել ելույթները։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա