Logo

ԱԱ․ Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում

19:08 / 18.09.2023Ըմբշամարտ
null

Վազգեն Թևանյանը (65 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ 

2023թ. Եվրոպայի չեմպիոնը կիսաեզրափակիչում 9-10 հաշվով ցավալի պարտություն կրեց կուբացի Սեբաստիան Ռիվերայից, որն առավելության հասավ գոտեմարտի վերջին վայրկյաններին։ Սեպտեմբերի 19-ին Թևանյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, մրցակիցը դեռ հայտնի չէ։

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևից՝ 8-6։ Քառորդ եզրափակիչում Վազգեն Թևանյանը մրցել էր օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ ու հաղթել ժամկետից շուտ՝ 12-2։

ԱԱ-ի երրորդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել էր նաև Սերգեյ Սարգսյանը (97 կգ), որը որակավորման փուլում 8-6 հաշվով հաղթել էր շվեյցարացի Սամուել Շերերին, սակայն 1/16 եզրափակիչում 4-5 հաշվով պարտվել էր հնդիկ Սահիլ Սահիլին ու դուրս մնացել հետագա պայքարից։

Սեպտեմբերի 18-ին մրցագորգ էր դուրս եկել նաև Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ), որը սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ հաղթել էր չինացի Վանհաո Զուին՝ 10-0։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ և հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Այդ դիմակայության պարտվողը կանցկացնի ևս մեկ գոտեմարտ, որում կմրցի բրոնզե մեդալի համար մյուս գոտեմարտում պարտված ըմբիշի հետ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվողները կվիճարկեն օլիմպիական ուղեգիրը։

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը սեպտեմբերի 17-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը (70 կգ)։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պարտվել էին ու ավարտել ելույթները։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ