Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու նվաճեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոնը 5-1 հաշվով հաղթեց մոլդովացի Մաքսիմ Սուկուլցանին։
Հայ ըմբիշը սեպտեմբերի 18-ին պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից և, հաղթելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինին (9-0), տաջիկ Աբդուլմաջիդ Կուդիևին (8-6) ու ադրբեջանցի Հաջի Ալիևին (12-2), դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 9-10 հաշվով ցավալի պարտություն էր կրել կուբացի Սեբաստիան Ռիվերայից։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցեց 7 ըմբիշով, նվաճեց 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր։ Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) և 2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը դարձել էր աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր ու նվաճել ըմբշամարտում Հայաստանի առաջին ուղեգիրը Փարիզ-2024-ում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ) հաջողության չէին հասել։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով