Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 22-ին գորգ դուրս կգա 4 հայ ըմբիշ:
Գևորգ Ղարիբյանը 60 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում կգոտեմարտի Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ: Շանթ Խաչատրյանը 72 կգ քաշային կարգի որակավորման փուլում ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող ըմբիշ Նարեկ Օհանյանի (Ռուսաստանը մասնակցում է չեզոք դրոշի ներքո-խմբ.) հետ, իսկ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում կմրցի ռումինացի Նիկու Սամուել Օժոգից:
Եվրոպայի կրկնակի ու աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ 77 կգ քաշային կարգում կգոտեմարտի բրոնզե մեդալի ու Օլիմպիական ուղեգրի համար։
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Փարիզյան հեռանկարներ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ Արթուր Ալեքսանյանի հերթական օլիմպիական ճանապարհը