Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 21-ին մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի ամբողջական կազմով։
Առաջին մրցումային օրը Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ)։
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից ու կմրցի Բուրակ Ուզուն (Թուրքիա) - Դևիս Օրիվա (Քենիա) զույգի հաղթողի հետ։
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի լիտվացի Պաուլիուս Գալկինասի հետ։
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել Գերմանիան ներկայացնող 23-ամյա ռուսաստանցի Իդրիս Խանպասաևիչ Իբաևի արգելքը։
Դավիթ Օվասապյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի հնդիկ Սինգ Մեհարը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 22-ին, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)՝ հաջորդ օրը։
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում գրավելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Փարիզյան հեռանկարներ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ Արթուր Ալեքսանյանի հերթական օլիմպիական ճանապարհը