Նարեկ Մանասյանը (92 կգ) տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում մենամարտեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող Մբանգի Մուկիենայի հետ, երկրորդ մրցափուլում երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և հաղթեց ժամանակից շուտ:
Ապրիլի 5-ին հաղթանակ էր տարել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը 1/8 եզրափակիչում 5-0 հաշվով առավելության էր հասել իրանցի Պուրիա Աբդուլմալեքիի նկատմամբ:
Նախորդ օրերին Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն (92+ կգ) պարտվել էին և դուրս մնացել պայքարից:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) հաղթել էր և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) նույնպես մեկնարկել էր հաղթանակով և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով:
Այս տարի աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը ռեկորդային 5,2 միլիոն դոլար է: Աշխարհի չեմպիոնները կստանան 200 հազար դոլար պարգևավճար, փոխչեմպիոնները՝ 100 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 50 հազար: