Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։
21-ամյա Սահակյանը հաջողությունները գրանցել է 67 կգ քաշային կարգում։ Նա այս անգամ մասնակցելու է մինչև 73 կգ քաշայինների մրցմանը, որը Երևանի ժամանակով մեկնարկելու է 21:00-ին։ Հայ ծանրորդը երկամարտի համար նախնական պատվիրել է 345 կգ։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի թիմից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժություն (130 կգ), իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։
ԱԱ-ում մրցահարթակ դուրս կգան նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):