Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանն ու Սլավիկ Գալստյանը Բելգրադում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերը:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը 0-4 հաշվով պարտվեց սերբ Գիորգի Տիբիլովին, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը 0-8 հաշվով պարտվեց Իրանի ներկայացուցչին: Օլիմպիական խաղերի ուղեգրի համար գոտեմարտում Սլավիկը մրցեց Ղրղզստանի ներկայացուցչի հետ ու հաղթեց 8-0 հաշվով։
Ավելի վաղ հունահռոմեական ոճում Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Ալեքսանյանը դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ Մալխաս Ամոյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։