Անգլիայի Լիվերպուլ քաղաքում հոկտեմբերի 31-ին մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության որակավորման փուլը Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներից հաղթահարել են չորսը:
Եզրափակիչի ուղեգիր են նվաճել Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը:
Որակավորման փուլը չի հաղթահարել միայն բազմամարտում ելույթ ունեցած Գագիկ Խաչիկյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում վաստակել է 14,900 միավոր և գրանցել լավագույն արդյունքը:
Աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի և Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր, որը 5-րդ արդյունքն է: Նույն վարժությունում 7-րդ արդյունքն է գրանցել Արթուր Ավետիսյանը՝ հավաքելով 14,466 միավոր:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն ու եռակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում հավաքել է 14,700 միավոր, որը 5-րդ արդյունքն է:
Եզրափակիչները կկայանան նոյեմբերի 5-ին եւ 6-ին:


