Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը Հայաստանի թիմից հարթակ դուրս կգա Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):
Հայաստանի ներկայացուցչի երկամարտի նախնական հայտը 210 կգ է: Չեմպիոնության համար պայքարում գլխավոր ֆավորիտը չինուհի Հաիքին Ժանգն է, որի նախնական հայտը 215 կգ է: Մրցումը կմեկնաարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
19-ամյա Գրիգորյանը Եվրոպայի գործող չեմպիոնն է: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 196 կգ (81+115) արդյունքով նվաճել էր ոսկե մեդալ:
Նախորդ տարի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում երկամարտի 190 կգ (83+107) արդյունքով գրավել էր 6-րդ տեղը:
Նախորդ տարի Գրիգորյանը Մեքսիկայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 188 կգ (81+107) արդյունքով դարձել էր չեմպիոն:
Այս տարվա սեպտեմբերին Իսպանիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 191 կգ (81+110) արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ հոկտեմբերին Լեհաստանում անցկացված Մ20 ԵԱ-ում երկամարտի 200 կգ (85+115) արդյունքով նվաճել ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ Մանամայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) B խմբում հաղթելուց հետո ընդհանուր հաշվարկում երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով գրավել է 7-րդ տեղը: A խմբի մասնակիցների ելույթներից հետո Չոլակյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 130 կգ արդյունքով:
Աշխարհի առաջնությունում հարթակ դուրս կգան նաև Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ) և Վարազդատ Լալայանը: Կանանց թիմից էլ Տաթև Հակոբյանը ( 87 կգ):