60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը երկրորդ հաղթանակը տարավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, իսկ 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը 1/8 եզրափակիչում 1-3 հաշվով պարտվեց թուրք մրցակցին:
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում Ղարիբյանը 3-1 հաշվով հաղթեց լեհ Միխալ Տրաշին: Հիշեցնենք՝ 1/16 եզրափակիչում հայ ըմբիշն 9-0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարանին:
Քիչ անց քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կգոտեմարտի Օլիմպիական չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը 1/16 եզրափակիչում 10-4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկու Սամուել Օժոգին:
Սեպտեմբերի 22-ին 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը կմեկնարկեն սեպտեմբերի 23-ին:
Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնում էին նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) ու Դավիթ Օվասապյանը (130), որոնք դուրս են մնացել պայքարից:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։