Ֆուտզալի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի երկրորդ տուրում ընդունեց Ֆինլանդիայի հավաքականին: Հանդիպումը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և ավարտվեց ֆինների հաղթանակով՝ 3-2 հաշվով:
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նորեկ Ջուլիո Զանոտոն, բայց հյուրերը մինչև ընդմիջման գնալը խփեցին երկու գոլ: Երկրորդ խաղակեսում հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Ֆելիպե Պարադինսկին, իսկ խաղի ավարտից 29 վայրկյան առաջ Ֆինլանդիայի հավաքականը խփեց հաղթական գոլը:
Առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Թբիլիսիում 1-2 հաշվով պարտվել էր Վրաստանի հավաքականին։ Այդ խաղում նույնպես գոլի հեղինակ էր դարձել Զանոտոն, որը նորամուտն էր նշում հավաքականի կազմում:
Ընտրական E խմբում ընդգրկված է նաև աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը, որն առաջին տուրում 5-1 հաշվով հաղթել էր ֆիններին։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 6-ին և կհյուրընկալի պորտուգալացիներին: