Բասկետբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը մեկնարկել է երկու պարտությամբ ու կորցրել խմբից դուրս գալու տեսական հնարավորությունը:
Առաջին տուրում ֆրանսիացիները 65-95 հաշվով պարտվել են կանադացիներին, իսկ երկրորդ տուրում 86-88 հաշվով սենսացիոն պարտություն են կրել Լատվիայի հավաքականից այն դեպքում, որ վերջին քառորդից առաջ ունեցել են 12 միավորի առավելություն:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ խաղը Ֆրանսիայի հավաքականը կանցկացնի Լիբանանի թիմի հետ, որը նույնպես տանուլ է տվել մեկնարկային երկու խաղերը:
Հիշեցնենք, որ բասկետբոլի Հայաստանի հավաքականը հունիսին ԱՄՆ-ում ստուգողական 2 խաղ էր անցկացրել ֆրանսիացիների հետ և պարտվել էր 74-107 ու 83-98 հաշիվներով:
Բասկետբոլի աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը: Մրցաշարում ընդհանուր կանցկացվի 92 խաղ՝ 32 ազգային հավաքականների մասնակցությամբ:
Մրցաշարն անցկացվում է երեք երկրներում՝ Ինդոնեզիայում, Ճապոնիայում ու Ֆիլիպիններում:
Աշխարհի գործող չեմպիոնն Իսպանիայի հավաքականն է, որը 2019 թվականին եզրափակիչում հաղթել էր Արգենտինայի թիմին: Դրանից առաջ՝ 2010 և 2014 թվականներին, աշխարհի առաջնությունը հաղթել էր ԱՄՆ-ի հավաքականը:


