Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։
27-ամյա ծանրորդը պոկում վարժությունում կատարեց միայն մեկ հաջողված մոտեցում, բարձրացրեց 163 կգ և զբաղեցրեց 12-րդ տեղը։ Հրում վարժությունում նա երկու անգամ չկարողացավ գլխավերևում պահել 202-կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց և 0 ստացավ։
Այս քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ նաև աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Հակոբ Մկրտչյանը, սակայն A խմբի պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվեց մրցելույթից։ Նա, ամենայն հավանականությամբ, վնասվածք ունի։
96 կգ քաշային կարգում երկամարտի 388 կգ (174+214) արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ Նուրգիսա Ադիլետուլին (Ղազախստան)։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել է 8-րդ տեղը, իսկ Անդրանիկ Սահակյանը (89 կգ) նույնպես 0 է ստացել ու երկամարտի արդյունք չի գրանցել։
Աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս կգան նաև Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):