Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
1/16 եզրափակիչում Օլիմպիական չեմպիոնը 10-4 հաշվով հաղթեց ռումինացի Նիկու Սամուել Օժոգին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Ժոզեֆ Ռաուի հետ:
Ավելի վաղ 72 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Շանթ Խաչատրյանը 5-1 հաշվով հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Նարեկ Օհանյանին (Ռուսաստանը մասնակցում է չեզոք դրոշի ներքո-խմբ.) և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի թուրք Սելջուկ Չանի հետ: Իսկ 60 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Գևորգ Ղարիբյանն 9-0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոնդ Նազարանին և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի լեհ Միխալ Տրաշի հետ:
Սեպտեմբերի 22-ին 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը կմեկնարկեն սեպտեմբերի 23-ին:
Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնում էին նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) ու Դավիթ Օվասապյանը (130), որոնք դուրս են մնացել պայքարից:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։