Աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում 3-3 հաշվով պարտվեց կուբացի Ռոսիլյո Կինդելանին ու բավարարվեց արծաթե մեդալով:
Եզրափակիչ դուրս գալով՝ Արթուր Ալեքսանյանն արդեն իսկ ապահովել էր Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ալեքսանյանի համար դա կլինի 4-րդ մասնակցությունը Օլիմպիական խաղերին:
60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Ղարիբյանը 3-5 հաշվով պարտվեց չինացի մրցակցին:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտվել է կիսաեզրափակիչում և սեպտեմբերի 24-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը նույնպես սեպտեմբերի 24-ին կվիճարկի բրոնզե մեդալը:
Ավելի վաղ հունահռոմեական ոճում Հայաստանի ներկայացուցիչներից Մալխաս Ամոյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։