Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարը սկսած Հայաստանը հավաքականի երեք ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին։
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսեց որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիին։
Հրայր Ալիխանյանը (74 կգ) որակավորման փուլում 7-6 հաշվով հաղթեց վենեսուելացի Խոսե Մոնտերո Չիրինոսին, 1/16 եզրափակիչում շանս չտվեց ուգանդացի Ջամալ Աբդուլին (12-0), սակայն երրորդ գոտեմարտում 0-3 հաշվով պարտվեց թուրք Սոներ Դեմիրտասին։
Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից` 1-7 հաշվով պարտվելով ադրբեջանցի Օրխան Աբասովին։
Եթե Արսեն Հարությունյանին, Հրայր Ալիխանյանին ու Արման Ավագյանին հաղթած ըմբիշները նվաճեն եզրափակիչի ուղեգիր, Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սեպտեմբերի 18-ին պայքարել բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանը 2 ներկայացուցիչ ուներ ոչ օլիմպիական քաշային կարգերում։ Նորիկ Հարությունյանը (61 կգ) պայքարից դուրս էր մնացել որակավորման փուլից, իսկ 2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկանցի սեպտեմբերի 17-ին։
ԱԱ-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 18-ին։
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով