Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարը սկսել է Հայաստանը հավաքականի ևս 3 ներկայացուցիչ։
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) որակավորման փուլում մրցեց ուկրաինացի Կամիլ Կերիմովի հետ ու վստահ հաղթանակ տարավ 14-3 հաշվով։ 1/16 եզրափակիչում հայ ըմբիշն ուժերը կչափի իտալացի Սիմոնե Պիրոդուի հետ։
Հրայր Ալիխանյանը (74 կգ) որակավորման փուլում 7-6 հաշվով հաղթեց վենեսուելացի Խոսե Մոնտերո Չիրինոսին։ Ալիխանյանի հաջորդ մրցակիցը կլինի ուգանդացի Ջամալ Աբդուլը։
Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից` մրցելով ադրբեջանցի Օրխան Աբասովի հետ։
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանը 2 ներկայացուցիչ ուներ ոչ օլիմպիական քաշային կարգերում։ Նորիկ Հարությունյանը (61 կգ) պայքարից դուրս էր մնացել որակավորման փուլից, իսկ 2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկանցի սեպտեմբերի 17-ին։
ԱԱ-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 18-ին։
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով