Հայաստանի հավաքականից երրորդ ծանրորդը 0 ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունք գրանցել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
Հերթական մրցումային օրը հարթակ դուրս եկավ 2023թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արա Աղանյանը (102 կգ): Պոկում վարժությունում 24-ամյա ծանրորդը նախ` ֆիքսեց 165 կգ-անոց ծանրաձողը, այնուհետև` 170 կգ-անոց, սակայն երրորդ մոտեցմամբ ձախող 175 կգ-ը բարձրացնելու փորձը: Աղանյանը պոկում վարժությունում գրավեց 11-րդ տեղը:
Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը երեք փորձից չկարողացավ ֆիքսել 205 կգ-անոց ծանրաձողը:
102 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ Արտյոմ Անտրոպովը` երկամարտի 400 կգ (170+230) արդյունքով:
Հիշեցնենք, որ նախորդ օրերին Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն ու կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) ևս 0 էին ստացել հրում վարժությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել է 8-րդ տեղը։
ԱԱ-ում մրցահարթակ դուրս կգան նաև Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):