Logo

ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում չորրորդը լինելուց հետո հրումում 0 ստացավ

22:31 / 11.12.2024Ծանրամարտ
null

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության 6-րդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից հարթակ դուրս եկավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն ու կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (89 կգ):

Փորձառու ծանրորդը պոկում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը` գլխավերևում պահելով 170 կգ-անոց ծանրաձողը և գրավեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում Կարապետյանը առաջին մոտեցմամբ ձախողեց 201 կգ-անոց ծանրաձողը ֆիքսելու փորձը: Այնուհետև մարզիչներն ավելացրին պատվերը, սակայն հայ ծանրորդը երկու փորձից չկարողացավ հրել 203 կգ-անոց ծանրաձողը և 0 ստացավ` չունենալով երկամարտի արդյունք:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 20-ամյա բուլղարացի ծանրորդ Կառլոս Նասարը, որը երկամարտում գրանցեց 405 կգ (183+222) արդյունք: Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոնը համաշխարհային ռեկորդ սահմանեց պոկում վարժությունում և երկամարտում: Հրման ռեկորդը ևս նրան է պատկանում, Փարիզի Օլիմպիական խաղերում գրանցել էր 224 կգ արդյունք: Մանամայի հարթակում երրորդ մոտեցմամբ փորձեց գերազանցել սեփական ռեկորդը, սակայն ձախողեց 225 կգ-անոց ծանրաձողը հրելու փորձը:

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել է 8-րդ տեղը։

ԱԱ-ում մրցահարթակ դուրս կգան նաև Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): 

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա