Եվրոպայի կրկնակի ու աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) հաղթանակով է մեկնարկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
1/16 եզրափակիչից պայքարի մեջ մտած Մալխաս Ամոյանն 9-0 հաշվով հաղթել է Պաուլիուս Գալկինասին:
Որակավորման փուլից պայքարի մեջ մտած Դավիթ Օվասապյանը նույնպես մեկնարկային գոտեմարտում հաղթել է 9-0 հաշվով, սակայն 1/8 եզրափակիչում 1-4 հաշվով պարտվել է Օսկար Հինդսին:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը պայքարը սկսել էր որակավորման փուլից, 6-9 հաշվով պարտվել է Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևին:
Քիչ անց պայքարի դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), որը 1/8 եզրափակիչում կմրցի թուրք Ադեմ Ուզունի հետ:
Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 22-ին, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)՝ հաջորդ օրը։
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Փարիզյան հեռանկարներ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ Արթուր Ալեքսանյանի հերթական օլիմպիական ճանապարհը