Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր նվաճեց:
Աշխարհի փոխչեմպիոնները եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբում տանը 4-0 հաշվով հաղթեցին Ուկրաինայի ազգային հավաքականին:
Դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփեցին Մայքլ Օլիսեն և Ուգո Էկիտիկեն: Մբապեն կարիերայում հատեց 400 գոլի շեմը:
Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականը 13 միավորով ապահովեց առաջին տեղն ու Մունդիալի ուղեգիրը, իսկ Ուկրաինան և Իսլանդիան վերջին տուրից առաջ 7-ական միավոր ունեն:
F խմբում Պորտուգալիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց Իռլանդիային: 61-րդ րոպեին էլ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացավ պորտուգալացիների լեգենդար ավագ ու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը բաց կթողնի 3 օր անց Հայաստանի ազգային հավաքականի դեմ վերջին տուրում կայանալիք տնային խաղը:
Ժամեր առաջ Հայաստանի ազգային հավաքականը տնային խաղում 0-1 հաշվով զիջել էր Հունգարիայի թիմին:
Վերջին տուրից առաջ Պորտուգաիան 10 միավորով առաջատարն է, Հունգարիան` 8 միավորով 2-րդը, Իռլանդիան` 7 միավորով 3-րդը, իսկ Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է և այս դիրքում էլ կմնա: Հունգարիայի հավաքականը վերջին տուրում կընդունի Իռլանդիային:
Իտալիայի հավաքականն էլ I խմբում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթանակ կորզեց Մոլդովայից` գոլերը խփելով 88-րդ և հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին:
Ավելի վաղ այս խմբի մյուս խաղում առաջատար Նորվեգիայի հավաքականը տանը 4-1 հաշվով հաղթել էր Էստոնիային:
Վերջին տուրից առաջ Նորվեգիան ունի 21 միավոր, Իտալիան` 18: Երեք օր անց Իտալիան տանը կընդունի Նորվեգիային:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
F խումբ
Իռլանդիա - Պորտուգալիա` 2-0
Թրոյ Փերոթ, 17, 45
Հեռացում` Կրիշտիանու Ռոնալդու, 61 (Պորտուգալիա)
D խումբ
Ֆրանսիա - Ուկրաինա` 4-0
Կիլիան Մբապե, 55 (11մ), 83, Մայքլ Օլիսե, 76, Ուգո Էկիտիկե, 88
I խումբ
Մոլդովա - Իտալիա` 0-2
Ջանլուկա Մանչինի, 88, Ֆրանսիսկո Էսպոսիտո, 90+2
K խումբ
Անգլիա - Սերբիա` 2-0
Բուկայո Սակա, 28, Էբերեչի Էզե, 90
Անդորրա - Ալբանիա` 0-1
Քրիստիան Ասլանի, 67
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


