ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում կայացան հերթական հանդիպումները: Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը, որն արդեն ապահովել է իր տեղն առաջիկա Մունդիալի հիմնական փուլում, հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Էկվադորի թիմին:
«Ալբիսելեստեի» կազմում 31-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին, իսկ տանտերերի կազմում 50-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստանալու պատճառով հեռացվեց «Չելսիի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն: Հանդիպման միակ ու հաղթական գոլն առաջին խաղակեսին ավելացված 13-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Էներ Վալենսիան:
Բրազիլիայի հավաքականն էլ հյուրընկալվելիս նույն հաշվով զիջեց Բոլիվիայի թիմին: Նախորդ անգամ «Պենտակամպիոնները» Բոլիվիայի հավաքականին պարտվել էին 16 տարի առաջ:
Հանդիպման միակ ու հաղթական գոլն առաջին խաղակեսին ավելացված ժամանակում խփեց բրազիլական «Ամերիկա Մինեյրոյի» հարձակվող Միգելիտոն՝ իրացնելով 11-մետրանոցը:
Արգենտինայի հավաքականը 18 խաղից հետո 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կառլո Անչելոտիի գլխավորած Բրազիլիայի հավաքականը նույնքան խաղից հետո ունի 28 միավոր և 5-րդ տեղում է:

