Logo

ԱԱ-2022. Պորտուգալիան հաղթեց գոլառատ խաղում (տեսանյութ)

21:58 / 24.11.2022• Աշխարհի առաջնություն
Պորտուգալիա-Գալա-ԱԱ-2022

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Պորտուգալիայի հավաքականը 3-2 հաշվով առավելության հասավ Գանայի նկատմամբ: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:

Խաղի հաշվը 65-րդ րոպեին բացեցին պորտուգալացիները: 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփեց 8-րդ գոլն աշխարհի առաջնություններում և շրջանցեց արգենտինացի Դիեգո Մարադոնային և բրազիլացի Ռիվալդոյին (ԱԱ-ում խփած գոլերի թվով ռեկորդակիրը գերմանացի Միրոսլավ Կլոզեն է՝ 16 գոլ):

37-ամյա Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում 5 Մունդիալներում: ԱԱ-2006-ում, ԱԱ-2010-ում, ԱԱ-2014-ում հարձակվողը խփել է մեկ գոլ, իսկ ԱԱ-2018-ում՝ 4:

Ռոնալդուի գոլից քիչ անց Գանայի հավաքականը Կատարի «Ալ Սադի» հարձակվող Անդրե Այուի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, սակայն պորտուգալացիները պատասխանեցին ևս երկու գոլով: Աչքի ընկան Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշն ու իտալական «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն:

Խաղավերջում աֆրիկյան թիմը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհաջողվեց: Գանացիների երկրորդ գոլը խփեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Օսման Բուկարին:

Կրիշտիանու Ռոնալդուն սահմանեց նաև եվրոպական ռեկորդ: Պորտուգալիայի հավաքականի ավագը մասնակցեց 10-րդ միջազգային մրցաշարին: Վերջին 18 տարիներին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը մասնակցել է Եվրո-2004-ին, ԱԱ-2006-ին, Եվրո-2008-ին, ԱԱ-2010-ին, Եվրո-2012-ին, ԱԱ-2014-ին, Եվրո-2016-ին, ԱԱ-2018-ին ու Եվրո-2020-ին:

ԱԱ-2022-ի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Ուրուգվայի (նոյեմբերի 28, Երևանի ժամանակով 23:00), իսկ Գանան՝ Հարավայի Կորեայի հետ (նոյեմբերի 28, Երևանի ժամանակով 17:00):

Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Ուրուգվայն ու Հարավային Կորեան խաղացել էին գոլազուրկ ոչ-ոքի:

ԱԱ-2022, առաջին տուր

H խումբ

Պորտուգալիա - Գանա՝ 3-2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 65 (11մ.), Ժոաու Ֆելիշ, 78, Ռաֆայել Լեաու, 80 - Անդրեյ Այու, 73, Օսման Բուկարի, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ