Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Նիդերլանդների ու Սենեգալի հավաքականները։
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը 2-0 հաշվով հաղթեց մրցաշարն ընդունող երկիր Կատարի թիմին, իսկ Աֆրիկայի չեմպիոը թեժ պայքարում առավելության հասավ Էկվադորի նկատմամբ՝ 2-1:
Կատարի հավաքականի դեմ խաղի 26-րդ րոպեին հոլանդացիների կազմում հաշիվը բացեց «ՊՍՎ Էյնդհովենի» հարձակվող Կոդի Գակպոն, որը դարձավ նորամուտի ԱԱ-ում երեք անընդմեջ խաղերում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը Նիդերլանդների թիմում:
Գակպոն Մունդիալներում խփած գոլերով հավասարվեց Նիդերլանդների հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆին, երկուսն էլ ԱԱ-ում ունեն երեքական գոլ:
49-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի հաղթանակն ամրագրեց կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:
Կատարը դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն ընդունող առաջին երկիրը, որի հավաքականը պարտվեց խմբային փուլի բոլոր խաղերում։ Տանտերերը նաև հակառեկորդ սահմանեցին կազմակերպիչ երկրի թիմերի համար բաց թողած գոլերի քանակով ( 7 գոլ)։
Զուգահեռ ընթացող խաղում 44-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց Սենեգալի հավաքականի և անգլիական «Ուոթֆորդի» հարձակվող Իսմայիլա Աարը:
67-րդ րոպեին Էկվադորի հավաքականի կազմում հաշիվը հավասարեցրել է անգլիական «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն: 2006 թվականից հետո առաջին անգամ էկվադորցիների կազմում ԱԱ-ում հարձակվող Էներ Վալենսիայից բացի, գոլ խփեց այլ ֆուտբոլիստ: Վալենսիան աշխարհի առաջնություններում խփել էր իր թիմի նախորդ 6 գոլերը:
Կայսեդոյի գոլից երեք րոպե անց Սենեգալի հավաքականին կրկին հաշվի մեջ առաջ մղեց Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին, որի գոլը հաղթական ստացվեց։
Նիդերլանդների հավաքականը 7 միավորով հաղթեց A խմբում, իսկ 6 միավոր հավաքած Սենեգալը փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով։ Էկվադորցիները չորս միավորով մնացին երրորդ տեղում և 3 պարտություն կրած Կատարի պես ավարտեցին պայքարն ԱԱ-2022-ում:
1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը դեկտեմբերի 3-ին կմրցի B խմբի (Անգլիա, Իրան, ԱՄՆ, Ուելս) երկրորդ տեղի թիմի հետ։ Սենեգալցիները դեկտեմբերի 4-ին կխաղան B խմբի հաղթողի հետ։
ԱԱ-2022, երրորդ տուր
A խումբ
Նիդերլանդներ - Կատար՝ 2-0 (տեսանյութ)
Կոդի Գակպո, 26, Ֆրենկի դե Յոնգ, 49
Էկվադոր - Սենեգալ՝ 1-2 (տեսանյութ)
Մոյսես Կայսեդո, 67 - Իսմայիլա Սար, 44 (11մ.), Կալիդու Կուլիբալի, 70


