Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ֆրանսիացիների դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում:
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողն աշխարհի առաջնություններում կմասնակցի 26-րդ հանդիպումը և կդառնա Մունդիալների պատմության մեջ ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն։
Այդ ցուցանիշով 35-ամյա Մեսին կգերազանցի գերմանացի լեգենդար պաշտպան Լոթար Մատեուսին, որը մասնակցել է աշխարհի առաջնության 25 հանդիպման:
Մունդիալներում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը դարձել է 11 գոլի և 8 ասիստի հեղինակ։ Մեսին պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը գոլային փոխանցում է կատարել աշխարհի 5 առաջնություններում։
Արգենտինա - Ֆրանսիա ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: