Logo

Խորվաթիա – Բրազիլիա. Հին ընկերներ, նոր դեմքեր ու հուսալի դարպասապահներ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
12:11 / 09.12.2022• Աշխարհի առաջնություն
Բացառիկ
null

Հին ընկերներ, նոր դեմքեր, լավ մարզավիճակում գտնվող դարպասապահներ. Խորվաթիա – Բրազիլիա խաղով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության քառորդ եզրափակիչ փուլը: 

VNews-ը ներկայացնում է ամենահետաքրքիրն այս հանդիպմանն ընդառաջ:

Խորվաթների գվարդիան փոխվո՞ւմ է

2018 թվականի Մունդիալին մասնակցած ու փոխչեմպիոն հռչակված խորվաթներից ոմանք դեռևս պաշտպանում են ազգային հավաքականի մարզական պատիվը: Այնուամենայնիվ, կան ֆուտբոլիստներ, ինչպիսին, օրինակ, Յոշկո Գվարդիոլն է, որ փայլում են աշխարհի այս առաջնությունում: 1/8 եզրափակիչում Ճապոնիայի հավաքականի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ փայլած դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը նույնպես գովեստի խոսքերի է արժանացել և ուշադրության կենտրոնում է:

Նեյմարը վերադարձել է... բայց Ռիշարլիսոնն է Բրազիլիայի այս հավաքականի հարձակման աստղը

Խմբի մեկնարկային տուրի խաղին մասնակցելուց հետո Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով բաց թողեց հաջորդ երկու խաղերն ու վերադարձավ միայն Հարավային Կորեայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչ խաղին: Չնայած նրան, որ ՊՍԺ-ի աստղը հաջողության հասնելու համար ժամանակ չկորցրեց, գոլով էլ աչքի ընկավ 11-մետրանոցից, այնուամենայնիվ, Բրազիլիայի այս հավաքականի հարձակման աստղը Ռիշարլիսոնն է, որը շարունակում է «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարը:

Նախկին թիմակիցներ Կազեմիրոյի ու Մոդրիչի դիմակայությունը

Տարիներ շարունակ բրազիլացի Կառլոս Կազեմիրոն ու խորվաթ Լուկա Մոդրիչը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանության սիրտն էին: Համատեղ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի չորս գավաթ, ակնհայտ է, որ այս երկու խաղացողների համար այսօրվա հանդիպումն առանձնահատուկ է: 

Յուրանովիչը սովորե՞լ է դասը

Ռիշարլիսոնը Կատար-2022-ում ֆանտաստիկ մարզավիճակ ունեցող միակ բրազիլացին չէ: Վիճակագրությունը վկայում է, որ «Սելեսաոն» իր գրոհների մեծ մասն անցկացնում է ձախ եզրով, որտեղ Վինիսիուս Ժունիորը շնչելու ժամանակ չի տալիս մրցակիցներին: Վստահաբար Խորվաթիան գիտի այս եզրից սպառնացող վտանգի մասին, իսկ աջ պաշտպան Յոսիպ Յուրանովիչին առանձնահատուկ իրադարձություններով լի երեկո է սպասում: Այն փաստը, որ նա իր ակումբի՝ «Սելթիկի» հետ երկու հանդիպում է անցկացրել Վինիսիուսի ու «Ռեալի» դեմ, կարող է օգտակար լինել: 

Առանցքային վիճակագրական տվյալներ

  • Խորվաթիայի հավաքականի դեմ նախորդ երկու խաղերում Նեյմարը խփել է 3 գոլ:
  • Մունդիալ-2018-ից հետո Բրազիլիայի հավաքականը միայն չորրորդ հանդիպումը կանցկացնի եվրոպական մրցակցի հետ:
  • Պատմության մեջ առաջին անգամ Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները խաղաժամանակ են ստացել աշխարհի առաջնությունում (26 խաղացող):
  • Խորվաթիայի հավաքականն իր պատմության մեջ երրորդ անգամ է դուրս եկել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ, երկրորդը՝ անընդմեջ: 2018 թվականի աշխարհի առաջնությունում Խորվաթիայի հավաքականը հասել է եզրափակիչ, իսկ 1998 թվականի Մունդիալում՝ բավարարվել երրորդ տեղով:

Մարզիչների խոսքը

Զլատկո Դալիչ, Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Բրազիլիան ֆավորիտ է: Նրանք վստահություն են ստացել, ունեն բարձրակարգ խաղացողներ, որոնց միացել է նաև Նեյմարը: Կարծում եմ, սակայն, մենք կարող ենք դիմակայել նրանց: Նրանց պրեսինգի ենթարկելն այնքան էլ խելամիտ չէ, բայց տարածություն տրամադրել էլ չի կարելի: Հնարավորությունները 50:50 չեն, բայց մենք այստեղ չենք եկել, որ հնարավորություն չունենանք»:

Տիտե, Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Եթե հավաքականի տղաների հետ կապն ուժեղացնելու համար պետք է պարեմ, ապա կպարեմ». խորվաթների հետ խաղից առաջ նման հայտարարություն է արել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն:

«Ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել, որ պարելն ու զվարճանալը մեր մշակույթի մասն են»,- ասել է մարզիչը։

Հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ VNews-ի

Խորվաթիա. Դոմինիկ Լիվակովիչ, Յոսիպ Յուրանովիչ, Դեյան Լովրեն, Յոշկո Գվարդիոլ, Բորնա Սոսա, Լուկա Մոդրիչ, Մարցելո Բրոզովիչ, Մատեո Կովաչիչ, Անդրեյ Կրամարիչ, Մարկո Լիվայա, Իվան Պերիշիչ:

Բրազիլիա. Ալիսոն Բեկեր, Էդեր Միլիտաո, Տիագո Սիլվա, Մարկինյոս, Դանիլո, Կազեմիրո, Լուկաս Պակետա, Նեյմար, Ռաֆինյա, Վինիսիուս Ժունիոր, Ռիշարլիսոն:

Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)

Սպասելիքները

Խորվաթիան կրկին համարձակվում է երազել, բայց միևնույն ժամանակ խաղադաշտում ցույց է տալիս, որ «դատարկ երազողներից» չէ: Եվրո-2020-ից դուրս մնալուց հետո Խորվաթիայի հավաքականը միայն մեկ պարտություն է կրել (13 հաղթանակ, 6 ոչ-ոքի): Բայց, իհարկե, եթե կա մի հավաքական, որ կարող է ստվերել խորվաթների տպավորիչ վիճակագրությունը, ապա Բրազիլիան է, որն աշխարհի այս առաջնության հաղթողի հիմնական հավակնորդներից է:

Բրազիլիայի հավաքականը, այո՛, այս դիմակայության հաղթողի ֆավորիտն է՝ չնայած այն հանգամանքին, որ խորվաթներն աշխարհի գործող փոխչեմպիոնն են: Այնուհանդերձ, բրազիլացիներն անհանգստանալու առիթ ունեն, քանի որ 1990 թվականից ի վեր՝ Մունդիալում պայքարից դուրս են մնացել 5 անգամ, բոլոր դեպքերում՝ եվրոպական հավաքականներից: Իսկ ահա Խորվաթիայի հավաքականին անհանգստացնում է հենց այն հանգամանքը, որ խաղը բրազիլացիների դեմ է: Աշխարհի առաջնությունում Խորվաթիան ու Բրազիլիան կմրցեն երրորդ անգամ, նախորդ երկու դեպքում բրազիլացիները հաղթել են:

Օր և ժամ

Խորվաթիա – Բրազիլիա աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ