Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը ճանաչվել է Բրազիլիայի թիմի դեմ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահը խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում 10 սեյվ է կատարել, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում իր թիմին գոլից փրկել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի հարվածից հետո: Լիվակովիչը լավագույնն էր ճանաչվել նաև ճապոնացիների դեմ 1/8 եզրափակիչի խաղում՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հետ մղելով 3 հարված:
Հիշեցնենք, որ Խորվաթիա - Բրազիլիա խաղի հիմնական ժամանակը գոլազուրկ ավարտ էր ունեցել: Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել էին գոլերով. 105-րդ րոպեին հաշիվը բացել էր Բրազիլիայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, իսկ 117-րդ րոպեին պատասխան գոլը խփել էր Խորվաթիայի հավաքականի և Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչը: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին գտնվել խորվաթներն ու հաղթել 4-2 հաշվով:
Աշխարհի փոխչեմպիոնները կիսաեզրափակիչում կխաղան Նիդերլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ: