Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության խմբային փուլն ավարտվեց: Նիդերլանդների, Անգլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Բրազիլիայի ու Պորտուգալիայի հավաքականները 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին առաջին տեղով, իսկ Սենեգալի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ավստրալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի ու Հարավային Կորեայի հավաքականները՝ երկրորդ: Պայքարից դուրս մնացին Գերմանիայի, Բելգիայի, Էկվադորի, Կատարի, Իրանի, Ուելսի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Թունիսի, Դանիայի, Կոստա Ռիկայի, Կանադայի, Կամերունի, Սերբիայի, Ուրուգվայի ու Գանայի հավաքականները:
Ոչ մի հավաքական չկարողացավ խմբային փուլում տանել 3 հաղթանակ: Առավելագույնը՝ 7-ական միավոր վաստակեցին Նիդերլանդների, Անգլիայի ու զարմանալիորեն Մարոկկոյի հավաքականները, որոնք տարան 2-ական հաղթանակ, 1-ական խաղ ավարտեցին ոչ-ոքի: Անպարտելի են նաև ԱՄՆ-ի ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականները, որոնք տարան մեկական հաղթանակ, երկուական խաղ ավարտեցին ոչ-ոքի: 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած մյուս բոլոր հավաքականները մեկական պարտություն են կրել:
Խմբային փուլի ավարտի ազդարարումն իսկական սառը ցնցուղ էր Գերմանիայի ու Բելգիայի հավաքականների համար, որոնք ոչ միայն հավակնում էին խմբից դուրս գալուն, այլև ակնկալվում էր՝ պայքար կառաջարկեին նույնիսկ աշխարհի գավաթի համար: Գերմանացիները երկրորդ Մունդիալն անընդմեջ չկարողացան հաղթահարել խումբն ու ստիպված են համբերել ևս չորս տարի: Ինչ վերաբերում է Բելգիայի հավաքականին, ապա գուցե չորս տարին էլ բավական չլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի հաջորդ առաջնությանը «ոսկե սերնդի» ներկայացուցիչներից շատերը չեն մասնակցի:
Դանիայի ու Ուրուգվայի հավաքականների ձախողումը նույնպես անակնկալների շարքում է: Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից ու Ազգերի լիգայում տպավորիչ ելույթ ունեցած դանիացիներն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ հավակնում էին D խմբից դուրս գալուն: Եթե ֆրանսիացիներն արդարացրին իրենց հավակնությունը, ապա Դանիայի հավաքականը ոչ միայն չհաղթահարեց խմբային փուլի արգելքը, այլև զբաղեցրեց վերջին՝ 4-րդ տեղը՝ վաստակելով ընդամենը 1 միավոր: Ուրուգվայի հավաքականն էլ Պորտուգալիայի հավաքականի հետ հավակնում էր F խմբից դուրս գալուն: 4 միավորը, որ վաստակել էին ուրուգվայցիները, բավարար էր խմբից դուրս գալու համար, բայց հավելյալ ցուցանիշները, այս դեպքում՝ խփած գնդակների քանակը՝ ո՛չ: Ուրուգվայի հավաքականը խփեց և բաց թողեց 2-ական գոլ, Հարավային Կորեայի հավաքականը, որն այս խմբից դուրս եկավ 1/8 եզրափակիչ, խփեց ու բաց թողեց 4-ական գնդակ: Այսինքն՝ երկու թիմերի խփած և բաց թողած գոլերի տարբերությունը 0 է, ինչի արդյունքում հաշվարկի էր ենթակա հավաքականների խփած գոլերի քանակը, ու Հարավային Կորեայի հավաքականը հենց 4 գոլի շնորհիվ մնաց պայքարի մեջ, իսկ աշխարհի կրկնակի չեմպիոնը, որ 2 գոլ էր խփել, ավարտեց ելույթը Մունդիալում:
Խմբային փուլը՝ թվերով
- 48 խաղում արձանագրվել է 120 գոլ (1 խաղում՝ միջինը 2,5 գնդակ):
- 3-ական գոլով մրցաշարի ռմբարկուական անվանացանկը գլխավորում են էկվադորցի Էներ Վալենսիան (դուրս է մնացել մրցաշարից), ֆրանսիացի Կիլիան Մբապեն, իսպանացի Ալվարո Մորատան, անգլիացի Մարկուս Ռեշֆորդը և հոլանդացի Կոդի Գակպոն:
- 3 գոլային փոխանցումով Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը մրցաշարի գլխավոր ասիստենտն է:
- 48 խաղում գրանցվել է 14 դուբլ, նշանակվել է նույնքան 11-մետրանոց հարված, որոնցից 9-ն իրացվել է: Գրանցվել է 2 ինքնագոլ (Նայեֆ Ագերդ (Մարոկկո), Մանուել Նոյեր (Գերմանիա)):
- Խմբային փուլի ամենաարագ գոլն արձանագրվել է խաղի 2-րդ րոպեին (Կանադացի Ալֆոնսո Դևիսի գոլը խորվաթների դեմ խաղում): Փոխարինման մտած ֆուտբոլիստների շրջանում ամենաարագ գոլը խփել է Մարկուս Ռեշֆորդն Իրանի հավաքականի դեմ խաղում՝ փոխարինման մտնելուց 1 րոպե անց:
- Անգլիայի ու Իսպանիայի հավաքականները խփել են ամենաշատ գոլերը (9-ական):
- Ամենաքիչը դարպասի գրավումով աչքի են ընկել Բելգիայի, Դանիայի, Կատարի, Թունիսի ու Ուելսի հավաքականները (1-ական):
- Ամենաշատ գնդակ բաց թողած թիմը Կոստա Ռիկայի հավաքականն է (11):
- Բրազիլիայի, Խորվաթիայի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Թունիսի ու ԱՄՆ-ի հավաքականներն ամենաքիչ գնդակ բաց թողած թիմերն են (1-ական):
- Անգլիայի հավաքականը գրանցել է խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերությունը (+7), իսկ Կոստա Ռիկայի հավաքականը՝ վատագույնը (-8):
- Խմբային փուլի ամենագոլառատ խաղը՝ Անգլիա – Իրան (6-2), ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ Իսպանիա – Կոստա Ռիկա (7-0):
- Ամենաշատ հաճախելիություն ունեցած խաղը՝ Արգենտինա – Մեքսիկա (88,966 հանդիսական), ամենաքիչը՝ Շվեյցարիա – Կամերուն (39,089 հանդիսական):
Հետաքրքիր թվեր ու ռեկորդներ
67
Կալիդու Կուլիբալիից 67 խաղ պահանջվեց Սենեգալի հավաքականում իր առաջին գոլը խփելու համար: Էկվադորի հավաքականի դեմ խաղում Կուլիբալին հաղթական գոլ խփեց՝ ազգային հավաքականին դուրս բերելով 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակիցն Անգլիան է: Կոկեն (70) ու Քրիս Գյունտերը (109) միակն են այս Մունդիալին մասնակցող ոչ դարպասապահ ֆուտբոլիստներից, որոնք Կուլիբալիից շատ խաղ են անցկացրել իրենց հավաքականներում՝ չկարողանալով գտնել մրցակցի դարպասի բանալին:

44
Հենց այսքան տարի անց Մեքսիկայի հավաքականը կրկին չկարողացավ հաղթահարել խմբային փուլը: Մեքսիկացիները «Կաչիռուլես» անվանումն ստացած սկանդալի պատճառով 1990 թվականի Մունդիալը բաց թողնելուց հետո 7 անգամ անընդմեջ հաղթահարել էին խմբային փուլի արգելքը: Աշխարհի այս առաջնությունում նրանց համար միակ մխիթարանքը թերևս մնաց այն, որ Լուիս Չավեսը դարձավ առաջին մեքսիկացին, որ գոլ խփեց աշխարհի առաջնությունում տուգանայինից կատարած ուղիղ հարվածով:

7
Կոստա Ռիկայի դեմ խաղում Իսպանիայի հավաքականն ապշեցնող ցուցանիշ գրանցեց՝ 7 գնդակ խփելով դարպասին կատարած առաջին 7 հարվածով: Իսպանիայի հավաքականը գրանցեց աշխարհի առաջնությունում իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հատկանշական է, որ Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղում Իսպանիայի հավաքականի գոլերի տարբերությունն ավելի մեծ է, քան 2010 թվականի չեմպիոնական Մունդիալում (այս խաղում՝ +7, 2010 թվականի Մունդիալում՝ +6 (8 խփած, 2 բաց թողած)):

5
Գանայի հավաքականի դեմ խաղում գրավելով դարպասը՝ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության առաջին խաղացողը, որը գոլ է խփել աշխարհի 5 առաջնություններում անընդմեջ:
Լիոնել Մեսին իր հերթին դարձավ պատմության առաջին խաղացողը, որը գոլային փոխանցում է կատարել աշխարհի 5 առաջնություններում անընդմեջ:

Կրիշտիանու Ռոնալդու՝ ռեկորդակիրը
Արդեն նշեցինք, որ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության առաջին խաղացողը, որը գոլ է խփել աշխարհի 5 առաջնություններում անընդմեջ (2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականներ): Նոյեմբերի 24-ին Կրիշտիանուն 37 տարեկան 292 օրականկում դարձավ աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը:
Ռոնալդուին է պատկանում նաև աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողի ռեկորդը (21 տարեկան 132 օրական, 2006 թվական):
Գանայի հավաքականի դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս գալով՝ Կրիշտիանու Ռոնալդուն միացավ Լիոնել Մեսիին, Լոթար Մաթեուսին, Անտոնիո Կարբախալին ու Ռաֆայել Մարկեսին՝ դառնալով այս բացառիկ ֆուտբոլիստներից, որոնք մասնակցել են 5 Մունդիալի:

Լիոնել Մեսի՝ Արգենտինայի ռեկորդ «կոտրողը»
Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում 11-մետրանոցից գոլով աչքի ընկնելով՝ Լիոնել Մեսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որն Արգենտինայի հավաքականի կազմում գոլ է խփել աշխարհի 4 առաջնություններում (2006, 2014, 2018 և 2022 թվականներ):
ՊՍԺ-ի աստղը գերազանցեց Դիեգո Մարադոնային (1982, 1986 և 1994 թվականներ) ու Գաբրիել Բատիստուտային (1994, 1998 և 2002 թվականներ), որոնք գոլով էին աչքի ընկել աշխարհի 3 առաջնություններում:
Լիոնել Մեսիի համար այդ գոլն 92-րդն էր Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով:
Լեհաստանի հավաքականի դեմ խաղը 35-ամյա հարձակվողի համար 22-րդն էր աշխարհի առաջնությունում: Այդ ցուցանիշով «Ոսե գնդակի» յոթակի դափնեկիրը գերազանցեց Դիեգո Մարադոնային, որն Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում անցկացրել էր 21 խաղ:
Մեսին աշխարհի առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 8-ի, որով մրցաշարում Արգենտինայի հավաքականի գլխավոր ռմբարկուների անվանացանկի երկրորդ տեղը կիսում է Դիեգո Մարադոնայի ու Գիլյերմո Ստաբիլեի հետ: Գլխավոր ռմբարկուն 10 գոլով Գաբրիել Բատիստուտան է:

Օլիվյե Ժիրուն՝ Ֆրանսիայի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկո՞ւ
Ավստրալիայի հավաքականի դեմ խաղում դուբլ գրանցելով՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն ազգային թիմի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 51-ի, որով Թիերի Անրիի հետ կիսում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը:
Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում կհանդիպի Լեհաստանին, ու հնարավոր է՝ Ժիրուն Անրիի անվան տակից այս ռեկորդն ամբողջությամբ հանելու հնարավորություն ստանա:

Սաուդյան Արաբիայի հավաքականը մնաց Արգենտինայի կոկորդին
Արգենտինայի հավաքականն անպարտելիության 36-խաղյա շարքով էր եկել Կատար, ու թվում էր՝ Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ խաղում հաղթանակն այլընտրանք չուներ, և արգենտինացիները կկարողանային կրկնել Իտալիայի հավաքականին պատկանող անպարտելիության շարքի ռեկորդը (37 խաղ, 2018-2021 թվականներ): Բայց ինչպես ասում են, դա միայն թվում էր: Արգենտինայի հավաքականը ոչ միայն չհաղթեց, այլև նույնիսկ ոչ-ոքի չկարողացավ պոկել մրցակցից այն պարագայում, որ առաջին խաղակեսից հետո հաղթողի կարգավիճակում էր:
Մրցաշարի երկրորդ ամենացածր վարկանիշն ունեցող Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ 2-1 հաշվով, սակայն հաջորդող երկու խաղերում նույնքան պարտություն կրեց ու խմբում զբաղեցրեց վերջին տեղը:

Ինյակի ու Նիկո Ուիլյամսների «ընտանեկան ռեկորդը»
Ինյակի Ուիլյամսն ու Նիկո Ուիլյամսը դարձան ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խաղացած առաջին եղբայրները, որոնք ներկայացնում են տարբեր երկրներ:
Ինյակի Ուիլյամսը խաղում է Գանայի հավաքականում, իսկ Նիկո Ուիլյամսը՝ Իսպանիայի հավաքականում:
ԿԱՏԱՐյալ տխրություն
Մինչև այս ներկայացված ցուցանիշների հեղինակները տվյալ արդյունքների համար ուրախանալու առիթ ունեին, բայց այս մի ցուցանիշը հազիվ թե երջանկացնի մրցաշարն ընդունող երկրի հավաքականին:
Կատարի հավաքականը դարձավ աշխարհի առաջնությունն ընդունած առաջին երկրի թիմը, որը պարտվեց մեկնարկային խաղում: Կատարցիներին պարտությունն ուղեկից եղավ նաև հաջորդող երկու խաղերում: Աշխարհի այս առաջնությունում Կատարի հավաքականի «բախտակիցը» միայն Կանադայի հավաքականն է, որը նույնպես պարտվեց խմբային փուլի բոլոր 3 խաղերում:
Հենեսիի «սիմվոլիկ» կարմիրը
Ուելսի հավաքականի դարպասապահ Ուեյն Հենեսին դարձավ Կատարում ընթացող աշխարհի առաջնության առաջին խաղացողը, որ պատժվեց կարմիր քարտով (այս խաղացողի ազգանունն ու Կատարի ստադիոններում ալկոհոլային խմիչքի օգտագործման արգելքը հաշվի առնելով՝ զարմանալի չէ, որ առաջին կարմիր քարտը հենց նրան բաժին հասավ):
Նշենք, որ սկզբում մրցավարը դեղին քարտ ցույց տվեց Հենեսիին, սակայն հետո փոխեց որոշումը:
Հենեսին դարձավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ երրորդ դարպասապահը, որ պատժվել է կարմիր քարտով:

Էներ Վալենսիայի տպավորիչ շարքը
Նիդերլանդների հավաքականի դեմ հանդիպմանն Էներ Վալենսիան Էկվադորի հավաքականի կազմում աշխարհի առաջնության 6-րդ խաղում անընդմեջ աչքի ընկավ դարպասի գրավումով: Էկվադորցի ոչ մի այլ ֆուտբոլիստ նման ցուցանիշ չի գրանցել:
Իսկ ահա աշխարհի առաջնությանը մասնակցած մյուս հավաքականների ներկայացուցիչների ընդհանուր հաշվարկում Վալենսիան չորրորդ խաղացողն է, որ գոլով է աչքի ընկել աշխարհի առաջնության 6 խաղում անընդմեջ:
33-ամյա ֆուտբոլիստը միացավ պորտուգալացի լեգենդ Էուսեբիուին, իտալացի Պաոլո Ռոսիին և ռուս Օլեգ Սալենկոյին:

Լևանդովսկին վերջապես վերջ դրեց Մունդիալում իր գոլային երաշտին
Սաուդյան Արաբիայի դեմ խաղում գոլ խփելուց հետո Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին չկարողացավ թաքցնել հույզերն ու արտասվեց: «Բարսելոնայի» 34-ամյա հարձակվողն աշխարհի առաջնությունում 5 խաղ շարունակ չէր կարողացել գտնել մրցակցի դարպասի բանալին: Հիշեցնենք, որ մինչև Սաուդյան Արաբիայի դեմ խաղը կարիերայում ավելի քան 600 գոլ խփած Ռոբերտ Լևանդովսկին դարպասի գրավման հիանալի հնարավորություն ուներ մեքսիկացիների դեմ խաղում, սակայն վրիպեց 11-մետրանոցից:

Ստեֆանի Ֆրապար՝ պատմության մեջ առաջին կինը, որ սպասարկեց տղամարդկանց աշխարհի առաջնության խաղ
Ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը դարձավ պատմության մեջ առաջին կին մրցավարը, որ սպասարկեց տղամարդկանց աշխարհի առաջնության հանդիպում (Կոստա Ռիկա – Գերմանիա՝ 2-4):
38-ամյա Ֆրապարը նաև չորրորդ պաշտոնյա էր ավելի վաղ կայացած Մեքսիկա – Լեհաստան (0-0) խաղում:

Կոդի Գակպոն պատմություն կերտեց նիդերլանդցիների համար
23-ամյա Կոդի Գակպոն դարձավ Նիդերլանդների հավաքականի պատմության մեջ առաջին խաղացողը, որը գոլ խփեց խմբային փուլի բոլոր 3 խաղերում:
ՊՍՎ-ի հարձակվողը ռեկորդը գրանցեց հյուրընկալող երկրի հավաքականի դեմ նոյեմբերի 30-ին կայացած խաղում՝ բացելով հանդիպման հաշիվը:

Այլ ցուցանիշներ՝
- Դարպասապահ Սթիվ Մանդանդան 37 տարեկան 247 օրականում դարձավ Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկած ամենատարեց խաղացողը (Թունիսի դեմ խաղում):
- Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլում անպարտելի խաղերի քանակը հասցրեց 17-ի: Ռեկորդային շարքն ընդհատվեց 3-րդ տուրում, երբ բրազիլացիները նվազագույն հաշվով պարտվեցին Կամերունի հավաքականին:
- Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնության մեկնարկային երկու խաղում հաղթանակ չտարավ 1938 թվականից հետո առաջին անգամ:
- 18 տարեկան 110 օրականում Գավին դարձավ աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը:
- Ճապոնիայի հավաքականն Իսպանիայի հավաքականին հաղթեց 2-1 հաշվով՝ հանդիպմանը գրանցելով աշխարհի առաջնությունների պատմության մեջ գնդակին տիրելու ամենացածր ցուցանիշը (17,7 տոկոս):
1/8 եզրափակիչի զույգերը
Նիդերլանդներ – ԱՄՆ (03.12, ժ.՝ 19:00)
Արգենտինա – Ավստրալիա (03.12, ժ.՝ 23:00)
Ֆրանսիա – Լեհաստան (04.12, ժ.՝ 19:00)
Անգլիա – Սենեգալ (04.12, ժ.՝ 23:00)
Ճապոնիա – Խորվաթիա (05.12, ժ.՝ 19:00)
Բրազիլիա – Հարավային Կորեա (05.12, ժ.՝ 23:00)
Մարոկկո – Իսպանիա (06.12, ժ.՝ 19:00)
Պորտուգալիա – Շվեյցարիա (06.12, ժ.՝ 23:00)


