Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Փախստականներից կազմված հավաքական, որի հաջողություններն այլևս անակնկալ չեն կարող համարվել

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
01:16 / 23.11.2022• Աշխարհի առաջնություն
Բացառիկ
Կանադայի հավաքական-ԱԱ-2022

Կանադան երբեք ֆուտբոլային երկիր չի համարվել: Հյուսիսամերիկյան երկրում պաշտում են հոկեյը, այնտեղ նույնիսկ 3000 սահադաշտ կա այդ մարզաձևի զարգացման համար, իսկ ակադեմիաները լավագույնն են համարվում աշխարհում: Այդուհանդերձ, Կանադայում ֆուտբոլը նույնպես հետզհետե նոր թափ է հավաքում: Պատճառը նոր, անչափ խոստումնալից սերունդն է, որն արդեն Եվրոպայում լուրջ անուն է հանել: Այդ ֆուտբոլիստների հետ «Կարմիրները» փորձելու են անկանկալներ մատուցել Մունդիալում:

VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Ուղևորվում ենք Կանադա:

Անցած ճանապարհը

Հյուսիսային Ամերիկայում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը բաղկացած է երեք փուլից: Առաջինին մասնակցում են 29 թիմեր, որոնցից շատերը խաղամակարդակով զգալի զիջում են աշխարհամասի թոփ հավաքականներին: Կանադան ընդգրկված էր B խմբում, որտեղ բոլոր 4 հանդիպումներում խոշոր հաշվով հաղթանակների հասավ՝ խփելով 27 գոլ:

Երկրորդը փլեյ-օֆֆ փուլն էր, որում ընդգրկվել էր նաև «Կարմիրների» սկզբունքային մրցակից Հայթին: 2019-ին կանադացիները հենց այդ թիմին էին պարտվել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի քառորդ եզրափակչում: Այս անգամ Կանադայի հավաքականը զգալի ուժեղ էր կղզիաբնակներից՝ 1:0 և 3:0:

Կանադայի հավաքական-1

Ամենաբարդ խնդիրը երրորդ փուլն էր, որում պետք է մրցեին կոնֆերենցիայի ուժեղագոյն թիմերի հետ: 8 թիմերի մասնակցությամբ երկու շրջանով մրցաշարում սովորաբար գերիշխում են Մեսքիկայի և ԱՄՆ-ի հավաքականները: Պատահական չէ, որ նախկինում Կանադան միայն մեկ անգամ էր կարողացել Մունդիալի ուղեգիր նվաճել, այն էլ՝ 1986 թվականին:

«Կարմիրները» փայլուն սկսեցին մրցաշարը և այդպես էլ շարունակեցին: Մեկնարկային 11 խաղում 7 հաղթանակն ու 4 ոչ-ոքին հյուսիսամերիկացիների համար բավարար էր հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: Վերջին 3 խաղում 2 պարտություններն այլևս ոչինչ չէին որոշում:

28 միավորով Կանադան առաջին տեղը գրավեց: Նույնքան միավոր վաստակեց նաև Մեքսիկան, սակայն երկրորդ տեղը զբաղեցրեց լրացուցիչ ցուցանիշներով:

Խաղաոճ-տակտիկա

Կանադան այն թիմերից, որը հիանալի է հարմարվում մրցակիցներին: Հյուսիսամերիկացիները նախորդ ընկերական հանդիպումներում փորձարկել են մի քանի տակտիկական սխեմաներ: Դրանցից մեկը 3-4-3-ն է, որը, մեծ հավանականությամբ, ամենահաճախ օգտագործվողը կլինի Կատարում:

Կանադացիների գլխավոր զենքը գերարագ հարձակվողներն են, այդ պատճառով թիմը ձգտում է հնարավորինս ուղղահայաց ֆուտբոլ խաղալ: Ալֆոնոսո Դևիսը, Ջոնաթան Դևիդը և Կայլ Լարինը կարող են իրենց հետևում թողնել ցանկացած մրցակցի:

Իսկ ահա պաշտպանությունում թոփ ֆուտբոլիստների սակավություն կա, ուստի պաշտպանության ժամանակ 3-4-3 վերածվում է 5-4-1-ի: Դա թույլ է տալիս թվաքականով լրացնել որակի պակասը:

Կանադայի հավաքական-2

Թիմի դարպասը պաշտպանում է սերբական «Ցրվենա Զվեզդան» ներկայացնող Միլան Բորյանը: Պաշտպանությունում խաղում է մրցաշարի ամենատարեց վետերանը՝ 39-ամյա Ատիբա Հատչինսոնը: Իսկ ահա աջ կիսապաշտպանի դիրքում առաձնանում է Թեյջոն Բյուկանենը: «Բրյուգեի» ֆուտբոլիստը փայլուն խաբքերի է տիրապետում և կանադացիների գլխավոր զենքը դառնում, երբ մրցակիցը փակվում է սեփական կիսադաշտում:

Այսքան շատ հարձակողական ոճի որակյալ ֆուտբոլիստների առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ Կանադան իսկապես կարող է հրաժարվել 4-4-2 սխեմայից, որը նրանց հաջողություն բերեց ընտրական փուլում: Այն ժամանակ բոլոր լավագույն խաղացողներն առողջ չէին և կարելի էր մանևրել: Հիմա իրավիճակն այլ է...

Գլխավոր աստղը

Ալֆոնսո Դևիսը յուրահատուկ կարիերա ունի: Նա երկար ժամանակ խաղում էր հարձակվողի դիրքում և հենց այդ օղակն ուժեղացնելու համար «Բավարիան» ձեռք բերեց երիտասարդ ֆուտբոլիստին: Ինչ-որ պահի, վնասվածքների պատճառով թիմն առանց ձախ պաշտպանի մնաց և այդ դիրքը վստահվեց Դևիսին: Այդ շանսից Ալֆոնսոն այնպես կառչեց, որ կարճ ժամանակում դարձավ աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից մեկը:

Կանադացին արմատներով Լիբերիայից է, չնայած ծնվել է Գանայում: Նա Կանադա է տեղափոխվել 5 տարեկանում: 22-ամյա ֆուտբոլիստը հաճախ կրկնում է, որ Կանադան է նրան լավ կյանքի ճանապարհ տվել, այդ պատճառով միշտ փորձելու է վարձահատույց լինել:

Կանադայի հավաքական-3

Դևիսի գլխավոր զենքն արագությունն է: 2020 թվականին նա Բունդեսլիգայի պատմության ռեկորդ սահմանեց՝ զարգացնելով 36,51 կմ/ժ արագություն:  

Ազգային հավաքականում խաղալով վինգերի դիրքում՝ նա շատ արդյունավետ է գործում: Անցկացրած 34 խաղում Դևիսը 12 գոլ է խփել և 17 ասիստ գրանցել:

Գլխավոր մարզիչը

Կանադայի հավաքականը գլխավորում է Ջոն Հերդմանը: Անգլիացի մասնագետն առաջին քայլերը կատարել է «Սանդերլենդի» ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել Նոր Զելանդիա, որտեղ աշխատել է երկրի ֆուտբոլի զարգացման կոմիտեում:

2006 թվականից Հերդմանը որոշել է գլխավորել այդ երկրի կանանց ագզային հավաքականը: 5 տարի աշխատելուց հետո անգլիացին ևս մեկ անգամ շատ երկար ճանապարհ է անցել՝ տեղափոխվելով Կանադա: Լճերի և անտառների երկրում Հերդմանը 7 տարի գլխավորել է կանանց հավաքականը՝ երկու անգամ դառնալով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Կանադայում որոշել են, որ նման մարզիչը կարող է նաև լավ աշխատել տղամարդկանց հետ: Առաջին փորձը հաջող չէր: Ինչպես արդեն նշել ենք, 2019-ի ԿՈՆԿԱԿԱՖԻ Ոսկե գավաթի քառորդ եզրափակչում թիմը պարտվեց Հայթիին: Այդուհանդերձ, մարզիչին պաշտոնանկ չարեցին և երկու տարի անց նա թիմին հասցրեց արդեն կիսաեզրափակիչ:

Կանադայի հավաքական-4

Բայց գլխավոր նվաճումը դեռ առջևում էր: Հերդմանի հետ Կանադայի հավաքականը 36 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Մունդիալի ուղեգիր:

Անգլիացու գլխավոր արժանիքը թիմի խաղի վերահսկումն ու տակտիկական ճկունությունն է: Հերդմանը կարող է իր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին տալ մի քանի տակտիկական խնդիրներ, որոնք միշտ հետագա հաղթանակին են ուղղված: Անգլիացու գլխավոր նվաճումը ֆուտբոլային ոչ հարուստ պատմությամբ Կանադայում նոր, ամուր հոգեբանությամբ թիմ ստեղծելն է:

Սպասելիքները

Կանադան մեծամասամբ փախստականների և էմիգրանտների երկիր է: Բնակչության 56 տոկոսը խոսում են ասիական երկրներից ժամանած ժողովուրդների լեզվով: Եթե հեռավոր Հյուսիսային Ամրիկայում նախկինում պայմաններ և տաղանդներ չկային ֆուտբոլը զարգացնելու համար, ապա 21-րդ դարում իրավիճակը կտրուկ փոխվել է:

Ազգային հավաքականի 2 առաջատարները՝ Ալֆոնսո Դևիսը և Ջոնաթան Դևիդը, 22 տարեկան են: Երկուսն էլ Կանադայում չեն ծնվել, սակայն ֆուտբոլային կրթությունը ստացել են հենց հյուսիսամերիկյան այդ երկրում:

Այս միքսն այնքան լավ է աշխատում, որ կանադացիները կարող են չբավարարվել Մունդիալի ուղեգիր նվաճելով: Հաջորդ խնդիրը փլեյ-օֆֆ դուրս գալն է:

Խմբում նրանց մրցակիցներն են Բելգիան, Խորվաթիան և Մարոկկոն: Միգուցե, այդ թիմերից երկուսից ավելի բարձր տեղ գրավել չհաջողվի, բայց, եթե դա ստացվի էլ, զարմանալ պետք չէ: Կանադան իր կազմով ունակ է անակնկալ մատուցել:

 

Կարդացեք նաև

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ