4 տարի առաջ Մարոկկոյի հավաքականը Ռուսաստանից վերադարձավ առանց հաղթանակի ու ընդամենը 1 միավորով: Չնայած այն հանգամանքին, որ Աֆրիկայի երկրորդ թիմը, ըստ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, բավականին բարդ խմբում է ընդգրկված, երկրպագուները լավատես են Կատարում կայանալիք Մունդիալին ընդառաջ. Մարոկկոն 2019-ի հոկտեմբերից մինչև 2022-ի հունիսն ընկած ժամանակահատվածում պարտություն չի կրել 90 րոպեների ընթացքում (2 անգամ է պարտվել, այն էլ՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում):
VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Տեղափոխվում ենք F խումբ ու ծանոթանում Մարոկկոյի հավաքականին:
Անցած ճանապարհ
Մարոկկոն հրաշալի որակավորման փուլ անցկացրեց՝ խմբում ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք ու հաղթելով բոլոր` 6 խաղերում: Այդ ընթացքում թիմը խփեց 20 գոլ ու բաց թողեց ընդամենը 1-ը՝ ապահովելով խփած ու բաց թողած գոլերի ֆանտաստիկ հարաբերակցություն (+19):
Արդեն հաջորդ փուլում՝ երկխաղյա դիմակայությունում, Մարոկկոյի մրցակիցը Կոնգոյի հավաքականն էր: Առաջին՝ արտագնա հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ Կասաբլանկայում կայացած պատասխան խաղում Վալիդ Ռեգրագիի տղաները համոզիչ հաղթանակի հասան 4-1 հաշվով՝ ապահովելով իրենց տեղը մրցաշարի եզրափակիչ փուլում:

Խաղաոճ-տակտիկա
Բացի աշխարհի առաջնությունում խաղալու փորձից, Մարոկկոն ունի նաև բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք արդեն գիտեն, թե ինչ է նշանակում խաղալ ամենաբարձր մակարդակում և մրցել եվրոպացի ամենաուժեղ թիմերի ու խաղացողների հետ: Հաքիմ Զիեշը, Յասին Բունուն, Յուսեֆ Էն-Նեսիրին, Ռոմեն Սաիսը, Աշրաֆ Հաքիմին, Նուսիար Մազրաուին ու Սոֆյան Ամրաբատը խաղում են եվրոպական թոփ-5 առաջնություններում:
Վալիդ Ռեգրագիի գլխավորությամբ Մարոկկոն խաղում է 4-3-3 սխեմայով. 1 հենակետային, 2 վինգեր ու հարձակմանը միտված եզրային պաշտպաններ: Աֆրիկյան թիմը սիրում է գրոհները սկսել խորքից, բայց հարձակման երկրորդ փուլում արդեն գրոհել կտրուկ՝ մեծ արագություններով: Չիլիի ու Պարագվայի դեմ ընկերական խաղերը ցույց տվեցին, որ Մարոկկոն կարողանում է խաղալ նաև հիբրիդային մարտավարությամբ, և առանց գնդակի թիմի սխեման վերածվում է 4-1-4-1-ի, վինգերներն էլ ավելի շատ ձեռնամուխ են լինում պաշտպանական գործողություններին:

Ռեգրագիի գլխավորած թիմը կազմակերպված գրոհներ է ձեռնարկում ու ապահովում է գնդակի շատ արագ տեղաշարժ: Շատ են նաև հեռահար փորձերը. երբ լինում է հնարավորություն հեռու տարածություններից հարվածներ կատարելու, մարոկկացիներն անպայման փորձում են:
Թիմի թույլ կողմը կիսապաշտպանության միջին գիծն է: Այստեղ չկա box to box ոճի ֆուտբոլիստ, որը կկարողանա նույն հաջողությամբ թե՛ քանդել, թե՛ կառուցել: Այդ առումով նրանց կենտրոնում հաղթելը բարդ չէ:
Մարզիչը
Օգոստոսի 31-ն առանձնահատուկ օր էր Վալիդ Ռեգրագիի համար, քանզի նա հենց այդ օրը գլխավորեց Մարոկկոյի հավաքականը՝ փոխարինելով Վահիդ Հալիլոջիչին: Ռեգրագին ընդամենը 3 ամիս ուներ՝ իր թիմին պատրաստելու Կատարում կայանալիք մրցաշարին:
Չնայած՝ Հալիլոջիչը կարողացավ հաջողությամբ առաջնորդել Մարոկկոյին դեպի աշխարհի առաջնություն, բայց ամեն ինչ այնքան հարթ չէր կուլիսների հետևում, որքան կարող էր թվալ: Ֆուտբոլիստները հարկադրեցին Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆուզի Լեկյային բաժանվել բոսնիացի մասնագետից: Ի վերջո՝ Լեկյան հեռացրեց Հալիլոջիչին ու սկսեց փնտրել մասնագետի, որը թիմային մթնոլորտ կստեղծեր հանդերձարանում ու նաև կլուծեր խաղային խնդիրները: Ընտրությունը կանգ առավ Ռեգրագիի վրա:

47-ամյա մասնագետն ֆուտբոլային կարիերայի ընթացքում հնարավորություն չի ունեցել մասնակցել աշխարհի առաջնությանը. այդ ընթացքում «Ատլասի առյուծները» չէին նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Այնուամենայնիվ՝ Ռեգրագին մեծ դերակատարում ունեցել է հավաքականում՝ թիմի հետ 2004-ին հասնելով Աֆրիկայի գավաթի եզրափակիչ, որտեղ Մարոկկոն պարտվեց Թունիսին նվազագույն տարբերությամբ: Այժմ՝ արդեն որպես մարզիչ, Ռեգրագիի մարտահրավերն աշխարհի առաջնությունում լավ ելույթներ/արդյունքներ ապահովելն է հավաքականի համար. «Կազմի որակի առումով՝ մենք օրհնված ենք: Եկե՛ք ապացուցենք աշխարհին, որ հենց այնպես չենք հայտնվել այստեղ»:
Ռեգրագին արդեն հաջողության հասել է ակումբային մակարդակում: Նրա գլխավորությամբ «Վիդադը» հաղթել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգան:
Գլխավոր աստղը
Աշխարհի ամենահեռանկարային ու տաղանդավոր եզրային պաշտպաններից մեկը խաղում է Մարոկկոյի հավաքականում: Ճիշտ եք, խոսքը Աշրաֆ Հաքիմիի մասին է:
«Ռեալի» ակադեմիայի սանը, որն այժմ պաշտպանում է ՊՍԺ-ի գույները, հավաքականում նորամուտը նշել է, երբ 17 տարեկան 11 ամսական ու 7 օրական էր: Այս ցուցանիշով նա 2-րդն է՝ որպես նորամուտը նշող ամենաերիտասարդ ֆուտբոլիստ՝ զիջելով միայն Հաչիմ Մաստուրին:
Հաքիմին այժմ Լիգա 1-ի ամենաթանկարժեք պաշտպանն է (տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո), նա կարիերայի բարդ սկիզբ է ունեցել՝ փորձելով հաստատվել «Ռեալի» մեկնարկային կազմում: Խաղաժամանակի փնտրտուքով նա վարձավճարով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», որտեղ հրաշալի 2 տարի անցկացնելուց հետո արդեն վերջնականապես հեռացավ «Ռեալից»՝ ուժերը փորձելու Ա Սերիայում: «Ինտերի» կազմում Սկուդետոն նվաճելուց հետո Հաքիմին հիմա էլ փայլում է ՊՍԺ-ի կազմում:
Հաքիմին շատ արագ, ֆիզիկապես ամուր եզրային է, որը շատ հաճախ է միանում թիմի գրոհներին, հաճախ աչքի է ընկնում գոլերով ու գոլային փոխանցումներով, հրաշալի համագործակցում է հարձակման գծի թիմակիցների հետ: Աշրաֆին շատ հարմար է 3 կենտրոնական պաշտպանով սխեման, որում նա գործում է որպես լատերալ և ունի առաջ շարժվելու մեծ ազատություն՝ թիկունքում էլ ունենալով թիմակիցների ապահովագրությունը:

Հաքիմիից բացի՝ Մարոկկոյի հավաքականի կազմում չենք կարող չնշել նաև դարպասապահ Յասին Բունուին, որը նախորդ մրցաշրջանում նվաճեց «Զամորայի» մրցանակը (որը տրվում է Լա լիգայում ամենաքիչ գոլ բաց թողած դարպասապահին), ինչպես նաև Հաքիմ Զիեշին: «Չելսիի» 29-ամյա ֆուտբոլիստը թիմի նախկին գլխավոր մարզիչ Հալիլոջիչի հետ տարաձայությունների պատճառով ամիսներ առաջ հեռացավ հավաքականից, բայց մարզչական փոփոխությունից հետո վերադարձել է ու լուրջ սպառնալիք է մրցակիցների համար:
Սպասելիքներ
Մարոկկոյի հավաքականը նորամուտը Մունդիալներում նշել է 1970-ին, ու սա թիմի 6-րդ մասնակցությունն է ֆուտբոլային գլխավոր մրցաշարին: Մասնակցելով աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին 1970-ին, 1986-ին, 1994-ին, 1998-ին ու 2018-ին՝ թիմին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել խմբային փուլը. 1986-ին Մարոկկոն հասել է 1/8 եզրափակիչ ու պարտվել Արևմտյան Գերմանիայի հավաքականին:
Ռեգրագիի թիմն, իսկապես, հայտնվել է շատ բարդ խմբում, որտեղ մրցակիցներն են Բելգիայի, Խորվաթիայի ու Կանադայի հավաքականները:
Ըստ էության՝ խմբում առաջին երկու տեղերը գրավելու հիմնական հավակնորդներն են Բելգիան ու Խորվաթիան՝ հաշվի առնելով այդ թիմերի կազմերն ու փորձը, նոր դեմքերով համալրված Կանադայի հավաքականն էլ հրաշալի որակավորման փուլ է անցկացրել և նույնպես նվեր չէ խմբի մնացած թիմերի համար:
Մարոկկացիների վրա ճնշում չկա՝ հաշվի առնելով ուժերի դասավորությունը խմբում, ինչն էլ փոքրիկ առավելություն է մրցակիցների նկատմամբ: Խմբային փուլը հաղթահարելը հրաշալի նվաճում կլիներ աֆրիկյան թիմի համար:
Կարդացեք նաև՝
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը


