Ֆուտբոլասերների հիշողության մեջ դեռ թարմ են այն տարիները, երբ Իսպանիան գերիշխում էր համաշխարհային ֆուտբոլում: 2008-2012 թվականների ընթացքում «Ֆուրիա ռոխան» 2 անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն և մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոն: Հաջորդ տարիները պիրինեյցիներն անցկացրին չեմպիոնական սերնդին ճանապարհելու և հավաքականում նոր տաղանդներ ներգրավելու ուղղությամբ: Սերնդափոխության գործընթացը դեռ շարունակվում է, սակայն Իսպանիան հանկարծ ամրապնդվեց այնպիսի խաղացողներով, որոնք առաջիկա տասնամյակում իրական շանս կունենան մեծ տիտղոսներ նվաճելու համար: Մնում է խուսափել ծանր վնասվածքներից և դրանից բխող հետևանքներից:
VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Հերթը Իսպանիայի հավաքականինն է:
ԱԱ-2022-ին իսպանացիները ներկայանում են Եվրո-2020-ում լավ տպավորություն թողնելուց և Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո:
Անցած ճանապարհը
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Իսպանիան ընդգրկված էր B խմբում, որտեղ մրցակիցներն էին Շվեդիան, Հունաստանը, Վրաստանը և Կոսովոն: Ինչպես և սպասվում էր՝ առաջին տեղի համար հիմնական պայքարը շվեդների հետ էր:
Լուիս Էնրիկեի թիմը վստահ չմեկնարկեց՝ մեկնարկային 4 խաղում վաստակելով 7 միավոր: Ընդ որում, Թբիլիսիում իսպանացիները պարտվում էին Վրաստանի հավաքականին, որի առաջատար Խվիչա Կվարացխելիան բացել էր հաշիվը, բայց հետո Ժորդի Ալբան միացրեց ասիստներ բաժանողի ռեժիմը և 2 գոլային փոխանցումով օգնեց իր թիմին 2:1 հաշվով հաղթել: Մինչև այդ էլ «Ֆուրիա ռոխան» տնային ոչ-ոքի էր խաղացել Հունաստանի հետ: Հույները, խաղի ընթացքում 1 հարված կատարելով, 1 գոլ էին խփել: Անհաջողության գագաթնակետը Շվեդիայում 1:2 հաշվով պարտությունն էր:
Թվում էր՝ ամեն ինչ վատ է, բայց հետո Լուիս Էնրիկեն սթափեցրեց թիմին և Իսպանիայի հավաքականն ընտրական մրցաշարն ավարտեց 4 անընդմեջ հաղթանակով: Առաջին տեղի համար որոշիչ խաղը Սևիլյայում էր՝ Շվեդիայի դեմ: Տանտերերին նույնիսկ ոչ-ոքին բավարար կլիներ, բայց Ալվարո Մորատայի գոլի շնորհիվ նաև հաղթանակի հասան (1:0):
Խաղաոճ-տակտիկա
Իսպանիայի հավաքականը պահպանել է չեմպիոնական տարիների թիմի խաղաոճը, սակայն մի քանի կարևոր տարբերություններով: Լուիս Էնրիկեի թիմը սիրում է արագ խաղալ:
Վերջին 1 տարում մենք տարբեր ոճերով գործող Իսպանիա ենք տեսել: Առաջինը մրցակցին կտրուկ խաղով անակնկալի բերող թիմն է, որին խաղով գերազանցելն անհնար էր թվում: Երկրորդ տեսակը երկար խաղարկումներով թիմն է, որը փորձում է ազատ տարածություններ գտնել: Այդ խաղաոճն ավելի շատ մրցակցին է կախված: Երբ Իսպանիայի դեմ փորձում են փոքր ինչ համարձակ խաղալ, հանդիպումը կտրուկ անչափ գրավիչ է դառնում՝ բազմաթիվ սուր գրոհներով, իսկ երբ մրցակիցները փակվում են սեփական կիսադաշտում, խաղը մեկ դարպասի ուղղությամբ գրոհների փորձերի անվերջ սերիալի է վերածվում:
Այդ ամենը հաշվի առնելով՝ Լուիս Էնրիկեն դիրքային գրոհների ժամանակ հրահանագում է եզրային հարձակվողներին այնքան բարձր տեղակայվել, որ իսպանացիների սխեման վերածվում է 2-3-5-ի:
Նման խաղում կարևոր դեր են ստանում նաև կենտրոնական կիսապաշտպանները՝ Իսպանիայի հավաքականի ուժեղագույն օղակը: Այստեղ փայլում է Սերխիո Բուսկետսը: Վերջին տարիներին նույնիսկ «Բարսելոնայում» Բուսկետսն իրեն այդքան լավ չի դրսևորում, որքան ազգային թիմում: Խաղային հստակ համակարգում, երբ նա կարող է ղեկավարել թիմի խաղը և գործել հստակ մշակված ոճով, կատալոնացին իրեն հավասարը չունի: Նույնիսկ «Մանչեսթեր Սիթիի» կազմում փայլող Ռոդրին չի կարողանում Բուսկետսին դուրս թողնել մեկնարկային կազմից:
Ինչ վերաբերում է վինգերներին, նրանք դիրք են զբաղեցնում մրցակցի պաշտպանական երկու գծերի արանքում և գնդակը ստանալուց հետո արագ շրջվելով սրում խաղը:
Գնդակը կրոցնելու դեպքում էլ «Ֆուրիա ռոխան» հակապրեսինգի է անցնում և փորձում գնդակը վերադարձնել 5-6 վայրկյանում:
Գնակով խաղում Իսպանիայի միակ խնդիրը գոլային պահերի իրացումն է: Թիմը վաղուց չունի թոփ ռմբարկու: Կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատան հսկայական աշխատանք է կատարում պրեսինգի և կոմբիանցիոն խաղի կառուցման հարցում, բայց հաճախ է վրիպում հարմար դիրքերից: Եթե այս թիմում լիներ Դավիդ Վիլյայի պես մեկ հարձակվող, Իսպանիան լրիվ այլ մակարդակի կհասներ: Հատկապես աշխարհի առաջնությունում հարձակվողի մեկ գոլը կարող է ոչ միայն ամբողջ խաղը փոխել, այլ նաև հավաքականին ուղարկել փլեյ-օֆֆի հարմար գոտի:
Մարզիչը
Լուիս Էնրկեն Մունդիալ-2018-ից հետո գլխավորեց Իսպանիայի հավաքականը և միանգամից սերնդափոխություն սկսեց: «Բարսելոնայի» հետ ամեն ինչ հաղթած մարզիչը միանգամից ընդգծեց, որ նրա թիմը ոչ միայն լավ է խաղալու, այլ նաև ձգտելու է հաղթել բոլոր խաղերում: Եվ դա ստանդարտ խոսքեր չէին: Էնրիկեի նորամուտի մրցավեճում Իսպանիայի հավաքականն «Ուեմբլիում» հաղթեց անգլիացիներին, իսկ օրեր անց 6 գնդակ ուղարկեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի դարպասը:
Թվում էր՝ ամեն ինչ լավ է դասավորվում, բայց հետո տեղի ունեցավ դժբախտություն: Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստրը վարակվեց քաղցկեղով: Մարզիչը նրա կողքին լինելու համար հեռացավ ազգային հավաքականից, սակայն ամենավատը դեռ առջևում էր: 2019 թվականի օգոստոսին Քսանան մահացավ...
3 ամիս անց Լուիս Էնրիկեն վերադարձավ Իսպանիայի հավաքական: Նրա նախկին օգնական Ռոբերտ Մորենոն այդ ընթացքում կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները, բայց հետո հրաժարվեց հեռանալ, ինչը սկանդալի պատճառ դարձավ: Ֆեդերացիան Էնրիկեի կողմն էր, ուստի Մորենոյին պաշտոնանկ արեցին:
Հավաքական վերադառնալուց հետո աստուրիացին շարունակեց նախնական ծրագիրը՝ թիմին ներարկելով արագ և հարձակողական ֆուտբոլ: Էնրիկեն մեծ կարևորություն է տալիս նաև հոգեբանությանը: Ինչ-որ պահի իսպանացիները դադարել էին հավատալ, որ կարող են նախկինի պես գերիշխել թոփ թիմերի դեմ խաղերում, բայց մարզիչը վերադարձրեց ֆուտբոլիստների նախկին՝ հաղթական մտածելակերպը: Կարևոր նշանակություն ունեցավ 2020-ի նոյեմբերին Ազգերի լիգայում Գերմանիայի դեմ խաղը, որում Իսպանիան հաղթեց անհավանական՝ 6:0 հաշվով: Հետո նրա թիմը հիանալի Եվրո-2020 անցկացրեց և հիմա շարունակում է զարգացումը:
Վերջին շաբաթներին շատ են խոսակցությունները, որ Մունդիալից հետո Լուիս Էնրիկեն կարող է լքել իր պաշտոնը, սակայն քիչ հավանական է, որ ֆեդերացիան կհրաժարվի նրա ծառայություններից: Ավելի հավանական է, որ հեռանալու պատճառ կարող է դառնալ ակումբային ֆուտբոլ վերադարձը: 52-ամյա մասնագետը հաստատ կարոտած կլինի ամենօրյա աշխատանքը:
Գլխավոր աստղը
Որքան էլ Սերխիո Բուսկետսը հսկայական նշանակություն ունի Իսպանիայի հավաքականի համար՝ ինչպե՛ս խաղադաշտում, այնպե՛ս էլ հանդերձարանում, միևնույն է՝ այժմ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր աստղը Պեդրին է:
«Բարսելոնայի» գլխավոր տաղանդը ամեն հաջորդ մրցաշրջանում մի գլուխ ավելի լավ է խաղում, քան նախորդում: Երբ 2020-21 մրցաշրջանում նա թոփ մակարդակի ֆուտբոլ ներխուժեց որպես խոստումնալից կիսապաշտպան և միանգամից դարձավ «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, ապա արդեն հաջորդ մրցաշրջանից նա սկսեց ավելի շատ խաղն իր վրա վերցնել. շատ հարվածներ, խաբքեր, գոլեր և ասիստներ:
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին արդեն այն աստիճան հասուն ֆուտբոլ է ցուցադրում, որ նույնիսկ «Բարսելոնայի» պես թիմում զգալի գերազանցում է իր դիրքի մյուս խաղացողներին: Ավելին, Պեդրին հետզհետե վերջնականապես նմանվում է Անդրես Ինիեստայի ռեինկարնացիայի՝ դառնալով այն ֆուտբոլիստը, որը մասնակցում է բազմաթիվ գոլերի, բայց ոչ եզրափակողի կամ վերջին փոխանցում կատարողի դերում: Պեդրին լուծում է գլխավոր խնդիրը՝ խաղը սրելու գործը: Նրա հաշվենկատ փոխանցումը, դրիբլինգը կամ ճիշտ շարժումը քաոս է ստեղծում մրցակցի շարքերում, ինչից օգտվում են թիմակիցները:
Իսպանիայի հավաքականում հենց Պեդրիից է պետք է սպասել ստեղծագործ խաղ: Եթե նախկինում իսպանացու գլխավոր խնդիրներից մեկը թոփ թիմերի դեմ խաղում խաղամակարդակի փոքր անկումն էր, ապա 2022 թվականի սկզբից նա սկսել է նաև ուժեղ թիմերի հետ մրցավեճերում իր լավագույն ֆուտբոլը ցուցադրել: Իսկ աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականին հենց թոփ խաղերում է հարկավոր լինելու նոր առաջատարի կախարդանքը:
Սպասելիքները
Աշխարհի առաջնության խաղացանկը տարօրինակ երևույթ է: Քանի որ ցանկը նախապես է կազմվում, երբեմն խմբում երկրորդ տեղ գրավելը ավելի ձեռնտու է դառնում: Դատեք ինքներդ. եթե բոլոր թոփ հավաքականներն իրենց խմբերում առաջին տեղ գրավեն, իսկ Իսպանիան երկրորդ, պիրինեյցիների մրցակիցները մինչև եզրափակիչ կարող են լինել Բելգիան, Պորտուգալիան, Ֆրանսիան և Անգլիան: Առաջին տեղ գրավելու դեպքում, հավանական մրցակիցների թվում կարող են լինել Բրազիլիան, Արգենտինան կամ Նիդերլանդները:
Ճաշակի հարց է, թե որն է ավելի ձեռնտու տարբերակ, բայց Իսպանիան պետք է երկու սցենարների մասին լուրջ մտածի, որովհետև Մունդիալում նույն խմբում է Գերմանիայի հետ: Մյուս երկու մրցակիցները՝ Ճապոնիան և Կոստա Ռիկան, ամուր թիմեր են, բայց նրանց դժվար կլինի չեմպիոնության երկու ֆավորիտներից մեկին դուրս թողնել պայքարից:
Իսպանիայից կարելի է տպավորիչ խաղ սպասել, բայց չեմպիոնությունը կարծես ավելի հավանական տարբերակ է հաջորդ Մունդիալում, երբ Պեդրին, Գավին և մյուս տաղանդները կլինեն ավելի փորձառու:
Կարդացեք նաև
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ճապոնիան բարդ խմբում է, բայց կռիվ է տալու լավագույն արդյունքը կրկնելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնին խոցած թիմը հրաշալի կազմ ունի նորից սենսացիա կերտելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նոր սերնդի ու լեգենդների Ուրուգվայը Մունդիալի թաքնված ֆավորիտն է
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Գերմանիայի հավաքականը կփորձի կիսել բրազիլացիների համաշխարհային ռեկորդը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մեկ քայլ է մնում Անգլիային՝ «ֆուտբոլը տուն բերելու համար»
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնը սուպերկազմով կփորձի կրկնել 60 տարվա վաղեմության սխրանքը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բելգիայի հավաքականի «ոսկե սերնդի» վերջին հնարավորությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ռոնալդուն ամեն ինչ կանի՝ վերջին փամփուշտը դիպուկ կրակելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բրազիլիան գնում է կրկին պատմական ու ռեկորդային չեմպիոնության հետևից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի «ստվերային ֆավորիտը», որը հաղթում է աշխարհի չեմպիոնին