Պորտուգալիայի հավաքականը դարձյալ ուղևորվում է Մունդիալի՝ առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալու հույսով: Այս անգամ այդ հույսերը մեծ են. սա Ռոնալդուի վերջին աշխարհի առաջնությունն է, իսկ թիմն ունի որակյալ կազմ՝ ուժեղ ֆուտբոլիստներ բոլոր դիրքերում:
VNews-ը շարունակում է ներկայացնել ԱԱ-2022-ի մասնակիցներին: Հասել ենք Պորտուգալիայի հավաքականին:
Անցած ճանապարհը
Պորտուգալիայի ուղին մինչև Կատար շատ ավելի բարդ ստացվեց, քան ակնկալվում էր: Ֆերնանդու Սանտուշի թիմը որակավորման փուլում առաջինից մինչև վերջին տուրը կատաղի պայքար մղեց Սերբիայի հավաքականի հետ: Առաջին տուրում պորտուգալացիները մոտ էին հաղթանակին հենց սերբերի հետ խաղում, բայց մրցավարը վիճահարույց իրավիճակում չարձանագրեց Ռոնալդուի գոլը, ինչը հետագայում խոսակցությունների առիթ դարձավ, ու մինչև հիմա էլ, դիտելով դրվագի կրկնապատկերը, կա տպավորություն, որ գնդակը հատել էր դարպասային գիծը:
Վերջին տուրում Պորտուգալիային միայն հաղթանակ էր անհրաժեշտ՝ առաջին տեղն ու Կատարի ուղեգիրն ապահովելու համար, բայց թիմը սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթանակի հասնել սերբերի նկատմամբ. Ալեքսանդր Միտրովիչը Սերբիային պարգևեց Մունդիալի ուղեգիր, իսկ Պորտուգալիան ուղևորվեց անցումային խաղեր: Թուրքիային հաղթելուց հետո պիրենեյան թերակղզին ներկայացնող թիմի մրցակիցը տրամաբանորեն պետք է Իտալիան լիներ, բայց իտալացիները սենսացիոն պարտություն էին կրել Հյուսիսային Մակեդոնիայից: Ի վերջո՝ Բրունու Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ պորտուգալացիները հաղթեցին հյուսիսմակեդոնացիներին ու հայտնվեցին Կատարում:
Խաղաոճ-տակտիկա
Պորտուգալիայի հավաքականի կազմն, իրոք, տպավորիչ է, ու շատերի պնդմամբ սա Պորտուգալիայի պատմության ուժեղագույն կազմն է: Այստեղ են տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ 30-անց Պեպեն, Ռոնալդուն, Մոուտինյոն ու Դանիլոն, հասուն տարիքում՝ Ժոաու Կանսելուն, Բերնարդու Սիլվան ու Բրունու Ֆերնանդեշը ու երիտասարդներ Ռուբեն Դիաշը, Ռաֆայել Լեաուն և Ժոաու Ֆելիշը:
Սանտուշը նախընտրում է 4-3-3 մարտավարությունը: Այդ սխեմայում Բրունու Ֆերնանդեշն ու Բերնարդու Սիլվան հաճախ են փոխվում դիրքերով. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը հիմնականում գործում է կենտրոնում, բայց երբ հայտնվում է հարձակման կրակագծում, ավելի խորքից է գործում Բերնարդու Սիլվան: Իսկ երբ պորտուգալացիների մրցակիցը զիջում է գնդակն ու տարածքը, այդ դեպքում թիմի սխեման վերածվում է ավելի հարձակողական՝ 4-2-3-1 սխեմային:

Այդուհանդերձ՝ ասել, թե Պորտուգալիան ունի հստակ խաղային ձեռագիր՝ սխալ կլինի, ու երբեմն հենց դա է խանգարում Եվրոպայի նախկին չեմպիոններին որոշիչ փուլերում մրցակցի նկատմամբ առավելություն ստանալ: Դժվար է հստակ ասել՝ Պորտուգալիան հակագրոհող թիմ է, թե սիրում է վերահսկել գնդակը (հատկապես՝ կարգով հավասարազոր մրցակցի դեպքում), ինչի պատճառով նաև քաոս է առաջանում, իսկ երբ ինչ-որ բան հարթ չի գնում՝ թիմը չի ունենում պլան Բ:
Մարզիչը
«Լավագույնը առջևում է, ու այն, կարծես, լինելու է այս տարի», - մեծ վստահությամբ հայտարարում է Ֆերնանդու Սանտուշը, որի նպատակը Կատարում փառահեղ հաջողության հասնելն է:
Բայց 67-ամյա մասնագետն անսովոր իրավիճակում է: Չնայած այն հանգամանքին, որ «ինժեների» (այդպես է նրա մականունը) գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականն իր պատմության լավագույն ժամանակաշրջանն ապրեց, Սանտուշի տեղը հավաքականի մարզչի պաշտոնում վտանգի տակ է: Նա չունի երկրպագուների աջակցությունն ու շարունակ ենթարկվում է քննադատությունների:

Այսպիսի կազմով Պորտուգալիան շատ ավելի լավ խաղ կարող է ու պետք է ցուցադրի, բայց թիմի ներուժը դեռևս մնում է թղթի վրա: 2016-ին երկրորդ համարով ու պրագմատիկ ֆուտբոլ խաղալը հասկանալի էր՝ հաշվի առնելով կազմը, բայց արդեն հետագայում՝ նոր սերնդով, թարմացված ու հարձակողական կազմով թիմի խաղը չտպավորեց մյուս մեծ մրցաշարերում՝ ԱԱ 2018-ին ու ԵՎՐՈ 2020-ին: Ու հիմա արդեն երկրպագուները ոչ միայն արդյունք, այլ նաև լավ խաղ են ակնկալում: Սանտուշի համար առաջիկա մրցաշարը, կարծես, վերջին հնարավորությունն է:
Գլխավոր աստղը
19 տարի Պորտուգալիայի հավաքականում խաղալով Կրիշտիանու Ռոնալդուն միջազգային կարիերան ավարտելու նշաններ ցույց չի տալիս: Նա հայտարարել է նաև ԵՎՐՈ 2024-ին մասնակցելու իր մտադրության մասին:
Ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն ու Պորտուգալիայի հավաքականի առաջատարը միջազգային մակարդակում դարձավ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ անցկացրած 191 խաղում խփելով 117 գոլ:
37-ամյա ֆուտբոլիստը մասնակցելու է իր 5-րդ ու, ամենայն հավանականությամբ, վերջին Մունդիալին: Այժմ նրա կարիերայում բարդ ժամանակներ են: Իր վերջին սկանդալային հարցազրույցում Ռոնալդուն մեղադրական խոսքեր հնչեցրեց «Մանչեսթեր Յունայթեդի», ակումբի ղեկավարության ու գլխավոր մարզչի հասցեին, ու այս մրցաշրջանում նա ո՛չ խաղաժամանակ է ստանում, ո՛չ էլ նախկին խաղն է ցուցադրում:
Պորտուգալիայի հավաքականում էլ նախորդ 9 խաղից 8-ում գոլ չի խփել ու արժանացել քննադատությունների: Բայց բոլորը լավ են ճանաչում Կրիշտիանուին, շատ լավ գիտեն նրա՝ չհանձնվելու բնավորությունն ու անսպառ մոտիվացիան: Կրիշի համար այս Մունդիալը հրաշալի առիթ կարող է լինել՝ բարդ իրավիճակում պատմություն կերտելու, և ինչու ոչ՝ Մեսիի հետ հեռակա մրցակցությունում այս հարցում առավելության հասնելու տեսանկյունից:
Սպասելիքները
Չնայած այն հանգամանքին, որ Պորտուգալիայի հավաքականը միշտ էլ զորեց կազմ է ունեցել, բայց աշխարհի առաջնություններում ելույթները ոչ միշտ են հաջող ստացվել: 1966-ին թիմը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, դրանից հետո էլ 2006-ին նրանք հասան կիսաեզրափակիչ:
Այս անգամ արդեն Պորտուգալիայից սպասելիքները շատ մեծ են. Ռոնալդուն ու ընկերները չեմպիոնի հավակնորդներից են: Եվրո-2016-ի ու Ազգերի լիգայի 2019-ի հաղթողներն ավելիին են ցանկանում հասնել:
Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է H խմբում՝ Ուրուգվայի, Գանայի ու Հարավային Կորեայի հետ: Եթե ամեն ինչ գնա կանխատեսելի սցենարով, ապա քառորդ եզրափակիչում Պորտուգալիան կհանդիպի Բրազիլիային, ինչն էլ կլինի այս թիմի գլխավոր քննությունը: Այն հաղթահարելու դեպքում պորտուգալացիները մեծ քայլ կկատարեն՝ դեպի երանելի տիտղոսը:
Կարդացեք նաև
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ճապոնիան բարդ խմբում է, բայց կռիվ է տալու լավագույն արդյունքը կրկնելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնին խոցած թիմը հրաշալի կազմ ունի նորից սենսացիա կերտելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նոր սերնդի ու լեգենդների Ուրուգվայը Մունդիալի թաքնված ֆավորիտն է
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Գերմանիայի հավաքականը կփորձի կիսել բրազիլացիների համաշխարհային ռեկորդը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մեկ քայլ է մնում Անգլիային՝ «ֆուտբոլը տուն բերելու համար»
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնը սուպերկազմով կփորձի կրկնել 60 տարվա վաղեմության սխրանքը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բելգիայի հավաքականի «ոսկե սերնդի» վերջին հնարավորությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը


