VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Այս անգամ հերթը Մունդիալ-2018-ում ֆուտբոլասերների սրտերը գերած հավաքականինն է: Աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականն իսկական սխրանք կերտեց Ռուսաստանում: Նրանք նույն նպատակով մեկնում են Կատար ու դրա բոլոր նախադրյալներն ունեն: Խորվաթիան թերևս ամենաբալանսավորված թիմերից է այս մրցաշարում:
Անցած ճանապարհ
Խորվաթիայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլում հայտնվեց բավականին խրթին ճանապարհով: Նրանք ի վերջո գլխավորեցին H խումբը, սակայն Կատարի ուղեգիրը նվաճեցին խմբային փուլի միայն վերջում տուրում անմիջական մրցակցի՝ Ռուսաստանի հետ պայքարում:
Խորվաթիայի հետ նույն խմբում ընդգրկված էին Ռուսաստանի, Սլովենիայի, Սլովակիայի, Կիպրոսի ու Մալթայի հավաքականները: Հենց Վալերի Կարպինի թիմն էլ գերազանցապես խնդիրներ ստեղծեց բալկանցիների համար: Խորվաթիան վերջին տուրում հանդիպեց հենց Ռուսաստանին: Նախորդ Մունդիալն ընդունող երկրին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Սակայն Զագրեբում եղանակային անբարենպաստ պայմաններում կայացած խաղում որոշիչ եղավ Ֆյոդոր Կուդրյաշովի «անմեղ» ինքնագոլը:

Ամեն դեպքում, Խորվաթիան խաղով արժանի էր այս խումբը գլխավորելուն: Աշխարհի փոխչեմպիոնը խաղային որոշակի անկում ունեցավ Մունդիալ-2018-ից հետո, ինչը թերևս բնական է: Այդ ամենը որոշակի անդրադարձ ունեցավ նաև որակավորման մրցաշարում: Սակայն հետագայում Զլատկո Դալիչի թիմը կրկին սկսեց կայուն մրցելույթներ ունենալ ու լավ խաղաց նաև Եվրոպայի առաջնությունում:
Խորվաթիան Մունդիալին լավ տրամադրությամբ է մոտենում: Նրանք Ազգերի լիգայի A դիվիզիոնում զբաղեցրին առաջին տեղը: Խումբը չափազանց բարդ էր, սակայն դա չխանգարեց բալկանցիներին դուրս գալ «Չորսի եզրափակիչ»: Դանիայի, Ֆրանսիայի ու Ավստրիայի հետ խաղերում Խորվաթիան բոլորից շատ միավոր վաստակեց: Նրանք նույնիսկ հաղթեցին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, այն էլ՝ «Ստադ դը Ֆրանսում»:
Խաղաոճ-տակտիկա
Խորվաթիայի հավաքականի խաղաոճի մեջ փոփոխություն չկա: Զլատկո Դալիչը նախընտրում է խաղալ 4-3-3 խաղային համակարգով, վերահսկել գնդակն ու ժամանակի մեծ մասն անցկացնել մրցակցի կիսադաշտում: Խորվաթիայի կազմում եղել են կատարողների փոփոխություններ: 2018-ի համեմատ այլևս թիմում չեն Իվան Ռակիտիչը (նա ավարտել է միջազգային կարիերան), կամ էլ Մարիո Մանջուկիչը (ավարտել է կարիերան): Վերջինս, սակայն, թիմի մարզչական շտաբում է ու աշխատելու է հարձակվողների հետ: Սա խնդիր է, որին բախվում է Խորվաթիան հենց Մանջուկիչի հեռանալուց հետո:
Կազմի ընտրության առումով Դալիչը մեծ ընտրություն ունի: Սակայն մինչև Մունդիալը մեկնարկային կազմը, կարծես թե, ընդգծվում է: Դարպասում պետք է որ լինի Դոմինիկ Լիվակովիչը: Դանիել Սուբաշիչը՝ 2018-ի Մունդիալի հերոսներից մեկը, այլևս թիմում չէ: Լիվակովիչը կայուն խաղաժամանակ է ստանում Զագրեբի «Դինամոյում» ու արժանի է այս տեղին:
Պաշտպանության քառյակը կկազմեն Բորնա Բարիշիչը, Յոշկո Գվարդիոլը, Դեյան Լովրենն ու Յոսիպ Ստանիսիչը: Վերջինս միակն է այս գծում խաղացող ֆուտբոլիստներից, որը քիչ խաղաժամանակ է ստանում ակումբում: Մյուսները դրա խնդիրը չունեն:
Վնասվածքից վերջերս ապաքինված Մարցելո Բրոզովիչի կողքին դաշտի միջին գծում կխաղան Լուկա Մոդրիչն ու Մատեո Կովաչիչը: Կա նաև Մարիո Պաշալիչի տարբերակը, սակայն Մոդրիչ-Կովաչիչ զույգն անփոխարինելի է թվում:

Հարձակման եռյակում Դալիչը պետք է որ ազատություն տա Իվան Պերիշիչին: Նա «Տոտենհեմում» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ այլ առաքելություն է կատարում: Որպես եզրի ամբողջ երկայնքով գործող ֆուտբոլիստ՝ Պերիշիչը մեծ օգուտ կարող է տալ նաև ազգային թիմին պաշտպանվելիս: Կենտրոնում հավանաբար կխաղա Անդրեյ Կրամարիչը: Երրորդ դիրքի համար տարբերակները շատ են: Մրցաշրջանի առաջին հատվածում տպավորել է Զագրեբի «Դինամոյի» եզրային հարձակվող Միսլավ Օրսիչը: Նա հաջողությամբ կարող է խաղալ թե՛ ձախից, թե՛ աջից: Այսպես, նա կարող է Պերիշիչի հետ փոխվել եզրերով:
Մարզիչը
Զլատկո Դալիչն իր մարզչական հմտություններով հիացրել է բոլորին: Նրա դավանած հարձակողական խաղն ու ֆուտբոլիստների հետ ճիշտ աշխատանք կատարելու վարպետությունը Խորվաթիային դարձրին Եվրոպայի ամենաուժեղ հավաքականներից: Դալիչն այս ժամանակահատվածում ևս մեկ կարևոր բան ապացուցեց. նա գերազանց է կարողանում կատարել սերնդափոխության աշխատանքը: Նաև այս պատճառով մարզիչը վայելում է մեծ աջակցություն Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Նախորդ Մունդիալում Դալիչն ապացուցել է, որ իր մարզչական գաղափարներով կարող է հաղթել այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Անգլիան, Արգենտինան: Խորվաթիան ԱԱ-2018-ում ու Եվրոպայի առաջնությունում կամային որակներ է ցուցադրել բազմաթիվ խաղերում: Սա ևս խոսում է մարզչի բնավորության ու այդ վստահությունը ֆուտբոլիստներին փոխանցելու մասին:
Գլխավոր աստղը
Այստեղ երկընտրանք չկա, այստեղ քննարկելու ոչինչ չկա: Լուկա Մոդրիչը, նույնիսկ 37 տարեկանում, շարունակում է մնալ ոչ միայն իր երկրի ազգային թիմի, այլ նաև ամբողջ Մունդիալի գլխավոր աստղերից մեկը: Չորս տարի առաջ հենց նա ճանաչվեց Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության լավագույն խաղացող, իսկ ամիսներ անց արժանացավ նաև «Ոսկե գնդակին»:
Մոդրիչը խելահեղ մարզավիճակում է մոտենում Մունդիալին նաև հիմա: Նա «Ռեալի» հետ ֆենոմենալ մրցաշրջան անցկացրեց: Լուկիտան Չեմպիոնների լիգայի 14-րդ գավաթի գլխավոր ճարտարապետներից էր, մրցաշրջանի ընթացքում նրա կայուն խաղն ու առանձին դրվագներում հրաշագործ գործողությունները «Ռեալին» առաջ էին տանում: Բավական է հիշել ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում նրա խելահեղ անցումն ու գոլային փոխանցումը Կարիմ Բենզեմային, կամ էլ «ֆիզիկայի օրենքներին հակասող» անհավանական փոխանցումը «Չելսիի» հետ պատասխան խաղում:

Մոդրիչը հավաքականում այլ խանդավառությամբ է խաղալու: Խոշոր մրցաշարերում նա միշտ փայլում է: Երկիրը ներկայացնելը Մոդրիչի պես բարդ ճանապարհ անցած ֆուտբոլիստների համար այլ պատմություն է: Չնայած Խորվաթիան մրցաշարի ամենաբալանսավորված թիմերից է, այնուամենայնիվ, Լուկա Մոդրիչը թիմի աստղն է, ու նրա խաղից շատ բան է կախված լինելու: Եթե փորձառու կիսապաշտպանը փայլի, Խորվաթիան կարող է նորից հրաշքներ գործել:
Սպասելիքները
Խորվաթիայի հավաքականն ընդգրված է F խմբում, որտեղ մրցակիցներն են Բելգիան, Կանադան ու Մարոկկոն: Սա, իհարկե, հեշտ խումբ չէ, սակայն Զլատկո Դալիչի թիմը խմբի գլխավոր ֆավորիտն է եվրոպական մյուս թիմի՝ Բելգիայի հետ: Կանադան ևս ուժեղ թիմ ունի, Մարոկկոն առանձին օղակներում ունի աստղային ֆուտբոլիստներ: Օրինակ՝ դարպասապահի դիրքում կա Յասին Բունուն, աջ պաշտպանի դիրքում՝ Աշրաֆ Հաքիմին: Նրանց հետ ևս հեշտ չի լինելու:

Խորվաթիան, իհարկե, կփորձի երկար ճանապարհ անցնել: Դրա համար կա ուժեղ կազմ, որտեղ փորձառու ֆուտբոլիստների ու երիտասարդ, հեռանկարային աստղերի տպավորիչ համադրություն է: Նրանք ունեն մարզիչ, որը թիմին դուրս է բերել Մունդիալյի եզրափակիչ: Նույն արդյունքը կրկնելը խրթին առաջադրանք է, բայց Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար հենց այդ նպատակը իրագործելու համար, գուցեև՝ ավելին:
Կարդացեք նաև՝
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին


