VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակից հավաքականներին: Հերթը հյուրընկալող երկրի հավաքականինն է՝ Կատարինը, որն իր պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի համաշխարհային ստուգատեսի եզրափակիչ մրցաշարին:
Մերձավոր Արևելքը ներկայացնող, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 50-րդ տեղն զբաղեցնող Կատարի հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ կմրցի Նիդեռլանդների, Սենեգալի ու Էկվադորի հավաքականների հետ: Կատարի հավաքականը կազմով ու խաղամակարդակով անհամեմատելի է Նիդեռլանդների ու Սենեգալի հավաքականների հետ, զիջում է նաև Էկվադորի ընտրանուն, բայց անակնկալների ընդունակ է, իսկ աշխարհի առաջնությունը հարուստ է անակնկալներով: Այնուամենայնիվ, Մունդիալն ընդունող երկրի հավաքականի ոչ մի ֆուտբոլիստ չի խաղում եվրոպական առաջատար ազգային առաջնություններում:
Կատարի հավաքականը մրցաշարին մասնակցելու ուղեգիր է ստացել՝ որպես ընդունող երկրի հավաքական, ըստ այդմ՝ ընտրանու անցած ճանապարհի փոխարեն կներկայացնենք պատմությունը:
Պատմությունը
Կատարի ֆուտբոլային ասոցիացիան ստեղծվել է 1960 թվականին, ՖԻՖԱ-ին միացել է 1963թ.-ին: Կատարի ազգային ընտրանին իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1970 թվականի մարտի 27-ին Բահրեյնի հավաքականի դեմ ու պարտվել 1-2 հաշվով: «Շագանակագույններն» աշխարհի առաջնության ընտրական փուլին առաջին անգամ մասնակցել են 1977 թվականին:
1990-ականները Կատարի հավաքականի համար լավագույն տարիներն են: 1990 թվականին Կատարի հավաքականը տպավորեց՝ աշխարհի առաջնության ընտրական խմբում զբաղեցնելով առաջին տեղը: Բայց և այնպես, ընտրանին չկարողացավ հիմնական մրցաշարի ուղեգիր նվաճել: Նույն թվականին Կատարի հավաքականը դարձավ Պարսից ծոցի երկրների գավաթի փոխչեմպիոն, երկու տարի անց՝ չեմպիոն:
Կատարը հասավ 1998 թվականի աշխարհի առաջնության Ասիական գոտու որակավորման վերջին փուլ: Չինաստանի ու Իրանի հավաքականների արգելքը հաղթահարելուց հետո «Շագանակագույնները» հանդիպեցին Սաուդյան Արաբիային, որը հաղթեց նվազագույն հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ փուլ:
2010 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Կատարը կընդունի 2022 թվականի աշխարհի առաջնությունը: 1934 թվականին Իտալիայի՝ աշխարհի առաջնությունը որպես դեբյուտանտ մասնակից ընդունելուց հետո առաջին դեպքն է, որ ընդունող երկիրն առաջին անգամ է մասնակցելու մրցաշարին: Ասիայի չեմպիոնները կփորձեն խուսափել Հարավային Աֆրիկայի հավաքականի ճակատագրից: Հարավաֆրիկացիները միակն են մրցաշարի պատմության մեջ, որ որպես ընդունող երկիր չեն կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը: Բայց և այնպես, հաշվի առնելով, որ մասնակիցների շրջանում կատարցիներից ցածր վարկանիշ ունեն միայն Սաուդյան Արաբիայի ու Գանայի հավաքականները՝ հավանականությունը մեծ է, որ ընդունող երկիրը կկիսի Հարավային Աֆրիկայի հավաքականի ճակատագիրը:

Խաղաոճ-տակտիկա
Կատարի ազգային հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքը 26.3 է, հավաքականի ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 18.9 միլիոն եվրո, ամենաթանկարժեք խաղացողը՝ ձախ վինգեր Աքրամ Աֆիֆը (5.5 միլիոն եվրո):
Հավաքականը խաղում է հինգ պաշտպանով մարտավարությամբ՝ դարպասն ու դարպասապահին հնարավորին չափ պաշտպանելու համար: Գլխավոր մարզիչ Ֆելիքս Սանչես Բասը հաճախ է ռոտացիայի դիմել կիսապաշտպանությունում ու հարձակման գծում, սակայն Աքրամ Աֆիֆ - Ալմոեզ Ալի զույգը մշտապես առանցքային դերակատարություն ունի՝ անկախ զբաղեցրած դիրքից:
Կատարի հավաքականը գնդակի հսկողությունը հաճախ զիջում է մրցակիցներին, նույնիսկ տեսականորեն ավելի թույլ մրցակիցներին: 2019 թվականի Ասիայի գավաթի հաղթական խաղարկությունում Կատարի հավաքականը գնդակին տիրել է խաղաժամանակի միջինը 49 տոկոսի ընթացքում և այս ցուցանիշով տեղ չի գտել լավագույն տասնյակում:
Gold Cup 2021-ում կատարցիները գնդակին տիրել են խաղաժամանակի 45 տոկոսի ընթացքում: Չնայած այս ցուցանիշով 10-րդն էին մասնակիցների հաշվարկում, այնուամենայնիվ նրանք կարողացան հասնել կիսաեզրափակիչ:

Մարզիչը
Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սանչես Բասը 2006 թվականին «Բարսելոնայի» հանրահայտ «Լա Մասիա» ակադեմիայից է միացել Կատարի նորաստեղծ Aspire Academy-ին: Նա լինելու էր այն մարդը, որ զարգացնելու ու առաջնորդելու էր նոր սերնդի երիտասարդներին:
Դանդաղ, բայց անշեղորեն 46-ամյա իսպանացին կերտեց իր ուղին՝ անընդհատ հաջողություններ արձանագրելով: Դեռևս 2014 թվականին նրա աշխատանքի արդյունքը եղավ հաղթանակը Ասիայի գավաթի Մ19 խաղարկությունում:
Կատարի ազգային հավաքականի ղեկն իսպանացի մասնագետն ստանձնել է 2017 թվականին ու թիմին կառաջնորդի իր պատմության մեջ առաջին Մունդիալում:
Ֆելիքս Սանչես Բասը նախընտրում է 5-3-2 մարտավարությունը: Նրա գլխավորությամբ Կատարի հավաքականն ընդհանուր առմամբ անցկացրել է 70 խաղ, տարել 36 հաղթանակ, կրել 21 պարտություն, 13 խաղ ավարտվել է ոչ-ոքի (խփած գոլերը՝ 116, բաց թողած գոլերը՝ 85):

Գլխավոր աստղը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատարի ազգային հավաքականը խաղալու է Նիդեռլանդների, Սենեգալի ու Էկվադորի հավաքականների դեմ և, ըստ ամենայնի, մրցակիցների դարպասը գրավելու անսահման քանակի հնարավորություններ չի ունենալու՝ Ալմոեզ Ալիի դիպուկությունն ընտրանու համար կենսական է լինելու:
26-ամյա ֆուտբոլիստն արդեն երրորդն է իր երկրի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուների անվանացանկում (39) և ընդամենը երեք գոլով է զիջում հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուի ռեկորդակիր Մանսուր Մուֆթային:
2021 թվականին Ալին միացավ մեքսիկացի Լուիս Էրնանդեսին՝ դառնալով պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, որը գլխավոր ռմբարկու է դառնում երկու տարբեր մայրցամաքային մրցաշարերում (2019 թվականի Ասիայի գավաթ (9 գոլ), 2021 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ (4 գոլ)):
Ավստրիայում ու Իսպանիայում խաղալուց հետո հարձակվողը 2016 թվականից ելույթ է ունենում Կատարի առաջնության «Ալ-Դուհայլ» թիմում, որտեղ նրան «դասավանդում» է պատմության մեջ այդ դիրքի լավագույն կատարողներից Էրնան Կրեսպոն՝ թիմի գլխավոր մարզիչը:

Հարկավոր է առանձնացնել նաև Աքրամ Աֆիֆին: Նա հոր պես բազմակողմանի խաղացող է. կարողանում է խաղալ ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրում, երբեմն նույնիսկ կատարում է հարձակման առաջատարի պարտականությունները: Կատարի առաջնության լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայում խաղալու փորձ ունի:
Նա ելույթ է ունեցել ինչպես Բելգիայում, այնպես էլ Իսպանիայում, իսկ այժմ պաշտպանում է «Ալ Սադի» մարզական պատիվը: Կատարի առաջնության 2019/20 մրցաշրջանը նա ավարտեց 15 գոլով՝ դառնալով մրցաշարի գլխավոր ռմբարկու: Գոլ խփելու ունակությանը գումարենք տեխնիկական հմտությունները, խաղադաշտը տեսնելու հնարավորությունը, ինչի արդյունքում Աֆիֆը կարողանում է բազմաթիվ գոլային հնարավորություններ ստեղծել:

Սպասելիքները
Այն, որ Կատարի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ընդ որում՝ ուղեգիրն ստացել է որպես մրցաշարն ընդունող երկրի հավաքական, ամենևին չի վկայում, թե նրանք պատրաստվում են բավարարվել միայն պատվավոր մասնակցի կոչումով:
2010 թվականից Կատարի հավաքականը պատրաստվում է այս պահին: Գլխավոր մարզիչ Ֆելիքս Սանչես Բասը Կատարի այս հավաքականի սերմերը տնկել ու դրանց աճին հետևել է 2006 թվականից: Նա հետևել է երիտասարդների զարգացմանն ինչպես ակումբային մակարդակում, այնպես էլ միջազգային: Մասնագետն առաջնորդել է նոր սերնդին երիտասարդական հավաքականներում, հետո՝ Օլիմպիական հավաքականում, մինչև 2017 թվականին վերջապես ազգային հավաքականի ղեկն ստանձնելը:
Կատարի այս հավաքականը համարվում է ընտրանու պատմության մեջ ուժեղագույններից: «Ուսուցիչ-մարզչի» առաջնորդությամբ նրանք երկու տիտղոս են նվաճել, ու միայն ժամանակը ցույց կտա՝ կկարողանա՞ն արդյոք անսպասելի արդյունք գրանցել տնային Մունդիալում:
Կարդացեք նաև՝
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու


