Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Մեկ քայլ է մնում Անգլիային՝ «ֆուտբոլը տուն բերելու համար»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
19:07 / 18.11.2022• Աշխարհի առաջնություն
Բացառիկ
null

2018-ին՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, 2021-ին՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ... կարծես՝ պարզ է, թե որն է լինելու հաջորդ հանգրվանը: Անգլիայի հավաքականի գերնպատակը Կատարում աշխարհի չեմպիոն հռչակվելն է: Իհարկե, ուղին դժվար է, բայց «Երեք առյուծների» համար կա լավ հնարավորություն՝ 1966-ից հետո առաջին անգամ զգալու փառքի համն ու երգել՝ «It's coming home»:

VNews-ը շարունակում է ներկայացնել աշխարհի առաջնության մասնակիցներին: Հերթը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկինն է՝ Անգլիայի հավաքականինը:

Անցած ճանապարհ

Որակավորման փուլում Գարեթ Սաութգեյթի թիմն ընդգրկվել էր I խմբում, որտեղ էլ գրանցեց հրաշալի արդյունք՝ մնալով անպարտելի ու ցույց տալով շշմեցուցիչ արդյունավետություն: Անգլիան խփեց 39 գոլ ու այս ցուցանիշով լավագույնն էր ամբողջ եվրոպական գոտում, ընդ որում՝ այս խմբում էին ընդգրկված նաև Լեհաստանի և Հունգարիայի նման ամուր հավաքականներ: Անգլիայի հավաքականի «զոհերը» դարձան Սան Մարինոն (10-0), Ալբանիան (5-0), Հունգարիան (4-0) ու Անդորրան (5-0): Որակավորման փուլի լավագույն ռմբարկուն էլ դարձավ Հարի Քեյնը՝ խփած 12 գոլով:

England 5-0 Albania: Harry Kane returns to form with hat-trick as Three  Lions hit visitors for five - Eurosport

Բայց պետք է նաև նշել, որ 2022-ի ընթացքում թիմի մարզավիճակն անհանգստացնող է: Վերջին 4 խաղում անգլիացիները հաղթանակ չեն տարել, իսկ Ազգերի լիգայում նրանք ջախջախվեցին 0-4 հաշվով Հունգարիայից և նահանջեցին B դիվիզիոն:

Խաղաոճ-տակտիկա

Գարեթ Սաութգեյթը մեծ մրցաշարերում թիմը կառուցում է ամուր պաշտպանության հիման վրա: Ունենալով տաղանդավոր հարձակվողներով ու հարձակողական ոճի ֆուտբոլիստներով հարուստ կազմ, Անգլիան ցույց է տալիս պրագմատիկ ֆուտբոլ՝ առաջին տեղում դնելով արդյունքը: 

4 տարի առաջ Ռուսաստանում Անգլիայի հավաքականը սկսեց խաղալ 3 կենտրոնական պաշտպանով, ինչը թիկունքը դարձրեց գրեթե անխոցելի, բայց թիմն իր գոլերի մեծ մասը խփում էր ստանդարտների շնորհիվ՝ անկյունայիններ, տուգանայինից փոխանցումներ կամ ուղիղ հարվածներ: 

Եվրո-2020-ին արդեն Սաութգեյթը 3-5-2 սխեմայից անցում կատարեց 3-4-3-ի՝ ամեն դեպքում պահպանելով 3 կենտրոնական պաշտպանով մարտավարությունը, ու 7 խաղերում՝ եզրափակիչի ճանապարհին թիմը բաց թողեց ընդամենը 2 գոլ: Իհարկե, այսպիսի Անգլիային հաղթելը բավականին բարդ առաջադրանք է, խաղաոճն էլ, եթե դեռ ոչ տիտղոսներ, ապա արդյունք ապահովում է, բայց մյուս կողմից էլ երկրպագուներն արդեն ցանկանում են տեսնել ավելի արկածախնդիր Անգլիա:

The case for England's defence: The 3-4-3 versus 4-3-3 debate | Football  News | Sky Sports

Վերջին շրջանում Սաութգեյթը որոշակի փոփոխություններ մտցրեց սխեմայում՝ փորձարկելով նաև 4-3-3-ն ու 4-2-3-1-ը, բայց դա արդյունավետ չստացվեց: Ավելին՝ պաշտպանությունում առկա են բավականին լուրջ խնդիրներ, առաջին հերթին՝ վնասվածքների պատճառով (Քայլ Ուոքեր, Ռիս Ջեյմս, Բել Չիլուել), բացի դրանից էլ Ջոն Սթոունզն ու Հարի Մագուայերը երկար ժամանակ այս մրցաշրջանում շարքից դուրս են մնացել՝ կորցնելով իրենց տեղը մեկնարկային կազմում: 

Փոխարենը՝ մյուս գոտիներում, կարծես, ամեն ինչ կարգին է: Թիմի հիմնական ֆուտբոլիստները ոչ միայն վնասվածքներ չունեն, այլև շատ լավ մարզավիճակում են, ու դեռ հստակ չէ՝ ինչ մեկնարկային կազմ է ընտրելու Սաութգեյթն առաջիկա խաղերին: Օժտված, տաղանդավոր ու տարբերություն ստեղծող ֆուտբոլիստների ընտրությունը մեծ է, մրցակցությունը՝ թեժ:

Մարզիչը

Երբ Գարեթ Սաութգեյթը ստանձնեց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, իրավիճակն անմխիթար էր: ԱԱ-2014-ում թիմը չէր հաղթահարել խմբային փուլը, իսկ Եվրո-2016-ում 1/8 եզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց մեծ մրցաշարերում նորամուտը նշող Իսլանդիայի հավաքականից:

52-ամյա մասնագետը գլխավորեց Անգլիայի հավաքականն ու սկսեց զրոյիից վերակառուցել այն: Իհարկե, անգլիացիների հետագա հաջողություններում մեծ է նաև ֆուտբոլիստների ու բազմաթիվ տաղանդավոր կադրերի բացահայտման գործոնը, բայց այդ սահուն սերնդափոխությունը կատարվեց հենց Սաութգեյթի գլխավորությամբ: Քեհիլի, Սմոլինգի, Ուիլշիրի, Ռունիի ու Սթարիջի փոխարեն թիմը համալրվեց երիտասարդ խաղացողներով, և «Երեք առյուծները» ժամանակի հետ սկսեցին ավելի ճանաչելի ֆուտբոլ ցուցադրել: 

How Gareth Southgate's waistcoat became England's World Cup fashion hit

Սաութգեյթի առաջին լուրջ քննությունը 2018-ին էր, երբ նրա թիմը դեռ «խակ» էր, բայց հասավ մինչև կիսաեզրափակիչ, իսկ արդեն 2021-ին Եվրոպայի առաջնության ժամանակ Անգլիայի հավաքականն ուներ հստակ խաղային ձեռագիր, ու միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը բաժանեց նրանց չեմպիոնությունից:

Սաութգեյթի համար դժվար էր կառուցել այս թիմն ու հաջողության հասնել՝ հաշվի առնելով այն ահռելի ճնշումը, որ շրջապատում էր նրան թե՛ սկզբում, թե՛ այս ամբողջ ժամանակահատվածում։ Մի կողմից անգլիական մամուլը, մյուս կողմից էլ, ինչպես Ֆաբիո Կապելոն էր բնորոշել՝ «այս հավաքականի մարզչական աթոռը չափազանց անհարմար է»: Կապելոյի նման լեգենդար մասնագետն Անգլիայի ղեկին ձախողվեց, իսկ Սաութգեյթն ընդունեց մարտահրավերն ու դեռևս հաջողում է, բայց նրա իրավիճակն էլ այժմ հեշտ չէ: Երկրպագուները խնդիր են դրել նրա առաջ՝ կամ հիմա, կամ երբեք, քանի որ այսպիսի կազմով Սաութգեյթը պարտավոր է նշանակալի մրցաշար անցկացնել:

Գլխավոր աստղը

Ոչ մի ֆուտբոլիստի դեռ չի հաջողվել աշխարհի երկու անընդմեջ առաջնություններում դառնալ մրցաշարի լավագույն ռմբարկու, բայց Հարի Քեյնը գնում է հենց այդ պատմական նվաճման հետևից: «Տոտենհեմի» հարձակվողը 2018-ին խփած 6 գոլով նվաճեց «Ոսկե խաղակոշիկը», իսկ հիմա գտնվում է կարիերայի շատ հասուն փուլում: 

Քեյնն իր ակումբի և հավաքականի առաջատարն է: Այս երիտասարդ հարձակման գծում Քեյնն իր վրա է վերցնում առաջնորդ լինելու պատասխանատվությունը, վերջին տարիներին էլ նա խաղային զգալի զարգացում է գրանցել. ռմբարկու լինելուց բացի, 29-ամյա ֆուտբոլիստը շատ է մանևրում տուգանային հրապարակի մատույցներով, խաղում կոմբինացիոն ֆուտբոլ, բացում ազատ տարածություններ թիմակիցների համար, բայց դրանից չի տուժում նաև արդյունավետությունը։ Նախորդ մրցաշրջանում նա 27 գոլ խփեց, իսկ այս խաղաշրջանում հասցրել է աչքի ընկնկել 13 անգամ:

Քեյնը ֆանտաստիկ էր որակավորման փուլում՝ խփելով 12 գոլ (գրավել է մրցակցի դարպասը միջինում յուրաքանչյուր 49 րոպեն մեկ), իսկ եթե այս անգամ էլ նա դառնա մրցաշարի լավագույն ռմբարկու, Անգլիայի շանսերը կտրուկ կմեծանան՝ տիտղոսը նվաճելու հարցում: Պետք չէ մոռանալ նաև, որ Քեյնը՝ լինելով իր սերնդի լավագույն հարձակվողներից մեկը, կարիերայում դեռ տիտղոս չի նվաճել (տարօրինակ է, չէ՞), ու այս հանգամանքը ևս լրացուցիչ մոտիվացիա կլինի նրա համար:

England squad numbers: Kane, Bellingham, Maddison and full list for World  Cup | Goal.com India

Հարի Քեյնից բացի, այս թիմում կան նաև այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց արժե հիշատակել Ջուդ Բելինգեմին, որն այս մրցաշրջանի սկզբում փայլում է, նրա ծառայություններով են հետաքրքրված ամենահզոր գրանդները, իսկ տրանսֆերային արժեքն օր-օրի աճում է: Տեխնիկա, անցումներ, գնդակի հետ գերազանց վարվեցողություն, գոլեր, ասիստներ... նման մարզավիճակում Բելինգեմը մեծ օգուտ կտա Անգլիային: 

Սպասելիքները

Հաշվի առնելով թե՛ այս թիմի կազմը, թե՛ այն հանգամանքը, որ Անգլիայի համար տիտղոս նվաճելու պահը հասունացել է, «Երեք առյուծներից» միայն ու միայն սպասում են չեմպիոնություն: 

Շատերն են պնդում, որ Անգլիայի հավաքականից պետք է «հույսը կտրել», որ այս հավաքականը որքան էլ հզոր կազմ ունենա՝ չի կարող դառնալ աշխարհի չեմպիոն: Իսկապես՝ անգլիացիները դարասկզբում ունեին «Դրիմ թիմ». Թերի, Քոուլ, Ջերարդ, Սքոուլզ, Լեմպարդ, Բեքհեմ, Ռունի, Օուեն... բայց ինչ-որ բան նրանց չէր բավականացնում փառահեղ նվաճման հասնելու համար: Աշխարհի առաջնությունների ու Եվրոների ժամանական նրանք հասնում էին ինչ-որ կետի ու հեռանում: 

England fans starting to suspect Golden Generation might not win World Cup  | FourFourTwo

Բայց այժմ, գուցե, իրավիճակը մի փոքր տարբեր է: Առաջին հերթին, կարծես՝ Անգլիան գտել է իր մարզչին՝ մասնագետի, որը կարողացել է թիմ ստեղծել: Բացի դրանից, ի տարբերություն վերոնշյալ ֆուտբոլիստների՝ այս խաղացողներն իրենց ակումբային կարիերայում դեռ չեն հասել ամեն ինչի, ունեն հաղթանակի մեծ քաղց և պատմություն կերտելու անհավանական մոտիվացիա: 

Անգլիայի հավաքականն ընդգրկված է B խմբում՝ ԱՄՆ-ի, Ուելսի և Իրանի հետ: Ըստ բոլոր կանխատեսումների՝ անգլիացիներն առանց մեծ դժվարությունների գլխավորելու են խմբի մրցաշարային աղյուսակը, 1/8 եզրափակիչում էլ հանդիպելու են A խմբի 2-րդ տեղը զբաղեցրած թիմին, որում նույնպես, անկախ մրցակցից, նույնպես ֆավորիտ է: Այս փուլերը հաղթահարելու դեպքում Անգլիան ավելի բարդ փորձությունների առջև է կանգնելու, և արդեն Սաութգեյթն ու իր տղաները պետք է ցույց տան՝ որքանով էին օրինաչափ նախորդ մեծ մրցաշարերի արդյունքները, ու արդյո՞ք իրենք պատրաստ են 56 տարի անց «ֆուտբոլը տուն վերադարձնել»:

Կարդացեք նաև

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ