VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակից հավաքականներին: Հերթն աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականինն է, որը Մունդիալին կմասնակցի իր պատմության մեջ հոբելյանական 20-րդ անգամ: Աշխարհի առաջնությանը գերմանացիներից շատ մասնակցել է միայն Բրազիլիայի հավաքականը, որի համար Կատար-2022-ը 22-րդն է: Հարավամերիկյան երկիրը միակն է, որ մասնակցել է աշխարհի բոլոր առաջնություններին:
Ռուսաստանում անցկացված Մունդիալում պատմության մեջ առաջին անգամ խմբային փուլից դուրս մնալուց հետո ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 11-րդ տեղը զբաղեցնող Բունդեսթիմն ընդգրկված է E խմբում և կմրցի Իսպանիայի, Կոստա Ռիկայի ու Ճապոնիայի հավաքականների հետ:
Անցած ճանապարհ
Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել է Եվրոպական ընտրական գոտու J խմբից, որում ընդգրկված էր նաև Հայաստանի ազգային հավաքականը: Գերմանացիներն անցկացրած 10 խաղում տարել են 9 հաղթանակ, կրել 1 պարտություն և վաստակած 27 միավորով գերազանցել բոլոր մրցակիցներին՝ չնայած նրան, որ 3-րդ տուրից հետո խումբն ուներ ստորև ներկայացված տեսքը:
Խմբում միակ պարտությունը Գերմանիայի հավաքականը կրել է Հյուսիսային Մակեդոնիայից, որն արտագնա խաղում սենսացիոն հաղթանակի էր հասել 2-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի դեմ գերմանացիներն առաջին հանդիպումն անցկացրել է Շտուտգարտում՝ հաղթելով 6-0 հաշվով: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած պատասխան խաղում հյուրերը հաղթել են 4-1 հաշվով:
Ընտրական խմբում Գերմանիայի հավաքականը տասը խաղում խփել է 36 գնդակ, բաց թողել 4-ը:
Խաղաոճ-տակտիկա
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքը 26,7 է, ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 885,5 միլիոն եվրո, ամենաթանկարժեք խաղացողը Մյունխենի «Բավարիայի» 19-ամյա ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալան է (100 միլիոն եվրո): Գերմանիայի հավաքականը Հանսի Ֆլիկի գլխավորությամբ անցկացրած 16 խաղում առավելապես ելույթ է ունեցել 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ, որի կիրառման հրաշալի փորձը գերմանացի մասնագետը ստացել է Մյունխենի «Բավարիան» գլխավորելու ժամանակահատվածում: Ինչպես «Բավարիայում», Գերմանիայի հավաքականում նույնպես Հանսի Ֆլիկի ֆուտբոլիստներից ակնկալվում է գեգենպրեսինգային խաղ, որում թիմն առավելապես ուշադրություն է դարձնում պրեսինգի ու անցումային իրավիճակներում գոլային պահեր ստեղծելուն: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, թե Ֆլիկի թիմը խնդիրներ է ունենալու խոր պաշտպանություն մտած թիմերի դեմ խաղերում գոլային հնարավորություններ ստեղծելու առումով:
Մանուել Նոյերը կառաջնորդի Գերմանիայի հավաքականին ու ջանք չի խնայի՝ երկրորդ անգամ աշխարհի գավաթը գլխավերևում պահելու համար: «Բավարիայի» դարպասապահն առանցքային նշանակություն ունի հավաքականի տակտիկական խաղում, քանի որ նրան կարելի է նաև պաշտպան համարել՝ հաշվի առնելով ոտքով հրաշալի խաղալու ունակությունը: Նոյերը կօգնի իր հավաքականին գնդակը չկորցնելու հարցում:
Գերմանիայի հավաքականը փորձի ու վարպետության, ինչպես նաև երիտասարդ տաղանդների պակաս չունի: Համեմատաբար տարեցները վաղուց են ապացուցել իրենց կարգը համաշխարհային մակարդակով, ընդ որում՝ դա անում են մինչև այժմ, իսկ ավելի երիտասարդներին կարելի է ոչ միայն Բունդեսթիմի, այլև ֆուտբոլի ապագա անվանել:
Գերմանիայի հավաքականի ագրեսիվ խաղը բազմաթիվ գոլային պահեր է պարգևում: Քանի որ Գերմանիայի հավաքականը հաճախ է հսկում գնդակի տեղաշարժը, կենտրոնական պաշտպաններն աստիճանաբար բացվելու ու միմյանցից հեռանալու հնարավորություն են ստանում: Անսահման տաղանդավոր Ջոշուա Կիմիխը հայտնվում է նրանց միջև, իսկ 3 կենտրոնական խաղացող ունենալը եզրայիններին թույլ է տալիս առաջ գնալ ու ստիպել մրցակցին հանգրվան գտնել սեփական տուգանային հրապարակի մատույցներում:
Ստորև ներկայացված գծապատկերում երևում է, որ Լերոյ Սանեն գրոհին մասնակցում է խորքից՝ ազատ տարածություն գտնելու համար: Նիկլաս Զյուլեն իր հերթին հրաշալի է տիրապետում գնդակին ու կարողանում է կտրող փոխանցումներով այն հասցնել կենտրոն: Սանեի՝ խաղադաշտի կենտրոնում գնդակ ստանալը գրոհը հնարավորինս նպատակային անցկացնելու առհավատչյան է: Այդ դեպքում նա ավելի շատ տարբերակներ ունի, քան ձախ եզրում տեղակայված լինելիս:
Գերմանիայի հավաքականն ունի տակտիկական ևս մեկ գործոն, որով կարողանում է գերազանցել մրցակիցներին: Այսպես ասած՝ սպառնալից հավաքականների դեմ խաղերում գերմանացիներն օգտագործում են 3-2-5 տակտիկան՝ ճնշումը հեշտությամբ պահպանելու ու մրցակցի պաշտպանության ամրությունն ստուգելու համար: Հազվադեպ կամ այն ժամանակ, երբ գոլ խփելու կարիք կա, Գերմանիան անցնում է նաև 2-2-6-ի:
Երբ Գերմանիայի հավաքականը հանդիպում է կուռ պաշտպանության, Ջոշուա Կիմիխը հենց այն մարդն է, որ ստանձնում է անանցանելի թվացող «պատնեշն» ավերելու պարտավորությունները: Երբ խաղընկերները գնդակն ստանալու ազատ տարածություններ չունեն, հարկավոր է գնդակը նրանց մատակարարել կա՛մ վերևից փոխանցումներով, կա՛մ ազատ տարածություններ բացել սեփական դրիբլինգի շնորհիվ, հետո միայն գնդակը փոխանցել հարմար դիրք: Քանի որ Կիմիխն այդ իրավիճակներում նաև պաշտպանի պարտականություններ է կատարում, դրիբլինգի, ըստ այդմ՝ գնդակը կորցնելու ռիսկի դիմել չի կարող: Այս փոխանցումը կիմիխական է ու հաճախ է կիրառվում, երբ Գերմանիայի հավաքականին գոլ է անհրաժեշտ:
Գերմանիայի հավաքականն արագ անցումային ֆուտբոլի սիրահար է: Ազգային ընտրանու խաղացողներից շատերը ելույթ են ունենում Բունդեսլիգայում, որտեղ նույնպես արագ անցումները հաստատուն են: Գերմանիայի հավաքականի առջևի եռյակը սովորաբար շատ արագ է գործում, իսկ անցումների ժամանակ՝ ուղղակի կայծակնային, ինչը նրանց շատ վտանգավոր է դարձնում: Այս հավաքականի խաղակցվածությունը գրեթե իդեալական է: Նրանք անընդմեջ խաղարկում են գնդակն այնքան, մինչև հնարավորություն է ստեղծվում փոխանցում կատարել դեմքով դեպի մրցակիցը շրջված ֆուտբոլիստին, որը գրոհը շարունակելու տարբերակներն ընտրում է ավելի հեշտությամբ:
Մարզիչը
Հանսի Ֆլիկը Գերմանիայի հավաքականի ղեկն ստանձնել է 2021 թվականի օգոստոսին: Գերմանացի մասնագետն ավելի վաղ գլխավորել է «Բամենտալը», «Հոֆենհայմն» ու «Բավարիան», գլխավոր մարզչի օգնական է եղել «Զալցբուրգում», Գերմանիայի հավաքականում ու «Բավարիայում», սպորտային տնօրեն՝ Գերմանիայի հավաքականում ու «Հոֆենհայմում»:
Գերմանիայի հավաքականի ղեկին Ֆլիկն անցկացրել է 16 խաղ, տարել 10 հաղթանակ, կրել 1 պարտություն, 5 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: 57-ամյա մասնագետի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը խփել է 46 գոլ, բաց թողել 12-ը:
Հանսի Ֆլիկի նախընտրելի տակտիկական դասավորությունը 4-2-3-1-ն է:
Ֆլիկը Գերմանիայի կրկնակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Գերմանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր: Նա նաև Գերմանիայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2014-ի հաղթող՝ որպես գլխավոր մարզչի օգնական:
Ամենաառանցքային խաղացողը
Ջոշուա Կիմիխն անկասկած ոչ միայն Գերմանիայի, այլև առաջիկա Մունդիալի ամենաառանցքային խաղացողներից է: Մեծապես հենց նրա խաղով է պայմանավորված, թե ինչ տեսք կունենա Բունդեսթիմն աշխարհի գավաթի քսաներկուերորդ խաղարկությունում: Կիմիխը խաղում միջինը 4 փոխանցում է կատարում մրցակցի տուգանային հրապարակ, որոնցից 2-ն ավարտվում է հարվածով: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր խաղում նա գոլային հնարավորություններ կստեղծի: Դրանից բացի, Ջոշուան տիրապետում է նաև հեռու տարածությունից պտտեցված հարվածների, որոնք մեծ վտանգ են պարունակում:
Կիմիխն իդեալական փոխանցումներ է կատարում՝ ինչպես կարճ, այնպես էլ երկար: Մենապայքարներում նույնպես նա տպավորիչ է գործում:
Իհարկե միայն Կիմիխը չէ, որ կարևորագույն դերակատարում ունի Գերմանիայի հավաքականում, սակայն գո՛նե Ֆլիկի գլխավորած Գերմանիայի հավաքականում ամենաառանցքայինը հենց «Բավարիայի» ֆուտբոլիստն է:
Ուշադրության պակաս այս հավաքականում երևի թե ոչ ոք չի ունենա, բայց կարելի է առանձնացնել նաև Մանուել Նոյերին, Իլկայ Գյունդողանին, Սերժ Գնաբրիին, Լերոյ Սանեին ու Թոմաս Մյուլերին:
Սպասելիքները
Հաջողությունները Գերմանիայի հավաքականի ԴՆԹ-ում են, հետևաբար ավելորդ է նշել, որ նրանք աշխարհի չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդներից են, ընդ որում՝ այն պարագայում, որ չեմպիոնությունը 5-րդը կլինի նրանց համար, ինչը բրազիլացիների համաշխարհային ռեկորդի կրկնություն կլինի: Մոտիվացիայի պակաս, իհարկե, առանց այս ցուցանիշը կրկնելու հնարավորության էլ չկար, սակայն հիմա կա կրկնակի մոտիվացիա:
Գերմանիայի հավաքականը վստահ է իր ուժերին, խմբային փուլը չհաղթահարելը նրանց նույնիսկ ամենաահազդու մղձավանջներում չկա:
Եթե հաշվի առնենք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը, ապա 7-րդ տեղը զբաղեցնող Իսպանիայի հավաքականը խմբի հաղթողի հավակնորդն է, սակայն այս մտքին գերմանացիները հազիվ թե համաձայնեն: Նրանք ոչ միայն չեն համաձայնի, այլև կփորձեն անել ինչպես սիրում են՝ գործով ապացուցել:
Գերմանիայի հավաքականը խումբն առաջին տեղով հաղթահարելու դեպքում 1/8 եզրափակիչում կմրցի F խմբի երկրորդ տեղը գրաված թիմի դեմ (ամենայն հավանականությամբ՝ Խորվաթիա), իսկ երկրորդ տեղի դեպքում՝ F խմբի հաղթողի դեմ (ամենայն հավանականությամբ՝ Բելգիա): Խումբն ու 1/8 եզրափակիչը հաղթելու դեպքում գերմանացիներին որպես պոտենցիալ մրցակից կարող է բաժին հասնել Բրազիլիայի հավաքականը, որը սպասում է վրեժ լուծելու իր հնարավորությանը:
Ամեն դեպքում, Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջիկա առաջնությունը հաղթելու հիմնական հավակնորդներից է ու անցանկալի մրցակից է բոլորի համար: Բունդեսթիմը կընթանա դեպի պատմական հաջողություն՝ աշխարհի հնգակի չեմպիոնություն, իսկ Ֆլիկը կփորձի «Օսկար» ստանալ ոչ թե որպես «երկրորդ պլանի լավագույն դերասան», ինչպես 2014 թվականին, այլ որպես «գլխավոր դերի լավագույն դերասան»:
Կարդացեք նաև
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ճապոնիան բարդ խմբում է, բայց կռիվ է տալու լավագույն արդյունքը կրկնելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնին խոցած թիմը հրաշալի կազմ ունի նորից սենսացիա կերտելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նոր սերնդի ու լեգենդների Ուրուգվայը Մունդիալի թաքնված ֆավորիտն է